ԵԺԿ-ի բանաձև. որո՞նք պետք է լինեն մեր հետագա քայլերը

ԵԺԿ-ի բանաձև. որո՞նք պետք է լինեն մեր հետագա քայլերը

«Եվրոպական ժողովրդական կուսակցության» Քաղաքական համաժողովը մարտի 3-ին ընդունեց «Հայկական ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» խորագրով բանաձև: Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրերին նման բանաձևի առկայությունը դիվանագիտական հաջողություն կարող ենք որակել, որի արդյունավետությունն ու ազդեցությունն էլ ավելի մեծ կլինի, եթե ուղեկցվի ակտիվ գործունեությամբ և ունենա շարունակականություն:

ԵԺԿ-ն Եվրոպական միության ամենաազդեցիկ քաղաքական միավորումներից մեկն է, ինչի մասին է փաստում ԵՄ-ի տարբեր մարմիններում նրա ներկայացվածությունը: Եվրոպական խորհրդարանի 751 անդմաներից 219-ը այս կուսակցության ներկայացուցիչներն են, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի 28–ական անդամներից 14-ականը ևս ԵԺԿ-ական են:

Բանաձևի ընդունումն իսկապես արդյունավետ կլինի, եթե հռչակագրային հարթությունից տեղափոխվի գործնական դաշտ: Այս դեպքում հայկական դիվանագիտությանն ու լոբբիստական խմբերին դեռևս շատ մեծ անելիք կա:

Հարկ է, որպեսզի բանաձևի ընդունումը դառնա ԵՄ-ի և Եվրոպայի երկրների ազգային մակարդակներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր մակարդակի բարձրացնելու համար նախատեսված հենասյուն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առկայությունը եվրոպական մակարդակով աննախադեպ չենք կարող համարել, քանի որ արդեն իսկ Եվրոպական միության կողմից տարբեր տարիներին ընդունվել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիային սեփական պատմության հետ առերեսվելու կոչ անող բանաձևեր:

Սակայն աննախադեպ է բանաձևի բովանդակությունը, որտեղ, անշուշտ, զգացվում է հայկական ձեռագիրը: Արդեն իսկ բանաձևի վերնագիրը, որը Հայոց ցեղասպանության ճանաչումը կապում է եվրոպական արժեքների հետ, կարծես թե Թուրքիայի առջև նախապայման է դնում եվրոպական ընտանիքին ինտեգրվելուց առաջ Ցեղասպանության ճանաչման միջոցով ևս ընդունել եվրոպական արժեհամակարգ: Կարևոր է նաև, որ ԵԺԿ անդամ այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը, հետամուտ լինեն բանաձևին և իրենց երկրների ազգային խորհրդարաններում հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով:

Հատկանշական է, որ բանաձևում պատմական իրադարձությունները դիտարկվում են ավելի լայն սպեկտրով, և դատապարտվում է ոչ միայն երիտթուրքերի, այլև թուրքական այլ ռեժիմների կողմից 1894-1924թթ-ին իրականացված ցեղասպանությունը:

Բանաձևը բացառիկ է նաև, որ առաջին անգամ եվրոպական մակարդակով խոսվում է նյութական հատուցման, հողերի վերադարձի, մշակութային ժառանգության պահպանման, հնագույն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների և Արևմտյան Հայաստանում տեղակայված այլ պատմամշակութային արժեքների վերականգնման ռազմավարության զարգացման մասին:

Քանի որ ԵՄ-ի քաղաքական տարբեր մարմիններում, ԵԺԿ-ն գերիշխող դիրք է զբաղեցնում, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ ցանկալի կլիներ ԵԺԿ-ի կողմից ԵՄ-ի հարթակում հանդես գալ առաջարկությամբ, որտեղ ներառված կլինեն կուսակացության կողմից ընդունված բանաձևի այդ բացառիկ դրույթները:

Այսպես, նմանատիպ բանաձևերից առաջինն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից դեռևս 1987թ-ին և կրում է «Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձև» անվանումը: Բանաձևը հատկանշական էր նրանով, որ Եվրոպայի խորհրդարանը ճանաչում էր 1915թ-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, կոչ էր անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել Ցեղասպանությունը և քաղաքական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Իհարկե, նման բանաձևի ընդունումը ոչ ուղղակիորեն կապված էր նաև կիպրական իրադարձությունների հետ (Հյուսիսայի Կիպրոսի բռնազավթումըը Թուրքիայի կողմից) , և ԵՄ-ն օգտագործեց այդ հարթակը ևս Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Սակայն դրանից հետո բանաձևի շատ կետեր այդպես էլ կյանքի չկոչվեցին:

Եվ միայն 2000թ-ին ընդունված «Թուրքիայի անդամակցության առաջընթացի վերաբերյալ բանաձև»-ով կոչ էր արվում Թուրքիային վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները, Թուրքիայում ապրող հայ էթնիկ փոքրամասնություններին աջակցություն ցուցաբերել և ճանաչել Ցեղասպնությունը:

ԵՄ-ն 2002թ-ին «Հարավային Կովկասին վերաբերող բանաձև»-ով ևս մեկ անգամ առաջարկեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վերջին անգամ ԵՄ-ն բանաձևային մակարդակով անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը 2005թ-ին «Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ բանաձև»-ում, որի հինգերորդ կետում ԵՄ-ին անդամակցության համար Թուրքիայի առաջ նախապայման է դրվում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ բանաձևի ընդունումից 10 տարի անց ցանկալի կլինի, որպեսսզի ԵԺԿ-ի գլխավորած ԵՄ-ն վերաթարմացնի Թուրքիայի հիշողությունը և հանդես գա նոր դատապարտող բանաձևով:

«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» 27 երկրների բազմաթիվ կուսակացություններ ներառող միավորում է: Դրանք ԵԺԿ-ի հիմնական անդամ երկրների կուսակցություններն են, որոնցից յուրաքանչյուրն իր երկրում բավականին ազդեցիկ դիրք ունի: Այսպես, ԵԺԿ անդամ կուսակցությունները ներկայացնող երկրներից միայն 12-ն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԵԺԿ-ի կողմից ընդունված բանաձևը, դիվանագիտական ջանքերի արդյունքում կարող է հանգեցնել ավելի շատ եվրոպական երկների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հարկ է նաև մեծ աշխատանք տանել այն երկրների հետ, որոնք ավանդաբար ունեն ոչ հայամետ դիրքորոշում:

Օրինակ` Հունգարիայի խորհրդարանում 199 անդամներից 133-ը ԵԺԿ-ն ներկայացնող կուսակցություններից են , Իսպանիայի Խորհրդարանի Ստորին պալատի 350 անդամներից 185-ն են ԵԺԿ-ական, իսկ Պորտուգալիայում` 230ից` 132-ը: Այս ամենը չպետք է մեր դիվանագիտության տեսադաշտից դուրս մնա, այլ ընդհակառակը դառնա նոր խթան Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար:

Նման բանաձևի առկայությունը իրավական և քաղաքական նոր դիվիդենտներ է հաղորդում Ցեղասպանության ճանաչման գործընթացին, վնասում Թուրքիայի միջազգային հեղինակությանը, սակայն պետք է փաստել նաև, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցային մեխանիզմի բացակայության պայմաններում, այն կարող է դառնալ հերթական «բարոյական հաղթանակներից» մեկը: Իսկ թե որքանով այդ «բարոյական» հաղթաթուղթը կծառայի քաղաքական խնդիրների լուծմանը, կախված կլինի միայն մեր դիվանագիտական ջանքերից և ցուցաբերած հետևողականությունից:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում