Տնտեսական ճգնաժամի պատճառով Բաքվում առեւտրի օբյեկտները փակվում են

Տնտեսական ճգնաժամի պատճառով Բաքվում առեւտրի օբյեկտները փակվում են

Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի կտրուկ արժեզրկումից հետո Բաքվի առեւտրի օբյեկտների մեծ մասը դադարեցրել է գործունեությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, գլխավորապես փակվում եւ տերերին են հանձնվում այն առեւտրի օբյեկտները, որոնք գործել են վարձակալության հիմունքներով:

Նշվում է, որ ներկայում Բաքվի անշարժ գույքի շուկայում գերակշռում է օբյեկտների առաջարկը:

«Ոչ ոք այլեւս առեւտրային օբյեկտ չի ցանկանում վարձակալել կամ պահել: Քանի որ մանաթի էժանանալուց հետո առեւտրային հարկերը մեծացել են, աճել են նաեւ ապօրինի տուրքերը: Դրա դիմաց իշխանությունները խանութպաններից պահանջում են աշխատել նախկին գներով, այսինքն` արգելում են բարձրացնել ապրանքների գները, ինչը ոչ մի առեւտրականի ձեռնտու չէ: Այդ պատճառով, տարածքները վարձակալությամբ վերցրած առեւտրականները ստիպված վերադարձնում են դրանք տերերին: Օբյեկտների տերերն էլ, վարձակալներ չգտնելու պատճառով, նպատակահարմար են գտնում վաճառել դրանք»,-նշել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում