Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունից. այն ժամանակավոր դրվել է Բաբայանի վրա

Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունից. այն ժամանակավոր դրվել է  Բաբայանի վրա

Տիգրան Ուրիխանյանը մի շարք լրատվամիջոցների հայտնել է, որ որոշել է հրաժեշտ տալ ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնին: Մասնավորապես՝ Aravot.am-ի հետ զրույցում նա նշել է.

«Ես հաստատ համոզված եմ, որ ժողովրդին չի հետաքրքրում` ես խոսնակի պաշտոնում կմնամ, թե որեւէ այլ պաշտոնում կլինեմ: Վստահ եմ, մարդկանց հետաքրքրում է` ես ինչպես որ եղել եմ,այնպես էլ մնալո՞ւ եմ ժողովրդի շահի պաշտպան, այնպես էլ մնալո՞ւ եմ
ժողովրդի կողքին ու իրեն հուզող պրոբլեմի թիկունքին»:

Ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջին գրառում էր թողել.

«Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի վրա:

«Հարգելի գործընկերներ,

ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։

Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին և մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաև արդեն ստացվող շնորհավորանքների համար։

Հուսով եմ նաև, որ մեր լրագրող գործընկերները այսուհետ կտարածեն միայն հավաստի տեղեկատվություն՝ կուսակցության պատասխանատու անձանց և անձամբ իմ հետ ճշտելուց հետո, որպեսզի մեր աշխատանքը լինի արգասաբեր և արդյունավետ, քան զբաղվենք հրապարակվող լուրերի հերքմամբ»,-ասված է նրա տարածած հայտարարության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում