«Հայոց ցեղասպանությունը` գերմանական մե՞ղք». «Դոյչե վելե»-ի անդրադարձը

«Հայոց ցեղասպանությունը` գերմանական մե՞ղք». «Դոյչե վելե»-ի անդրադարձը

«Հայոց ցեղասպանությունը` գերմանական մե՞ղք» վերատառությամբ հոդվածում «Դոյչե վելե»-ն նշում է, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանությունների ժամանակ Գերմանական կայսրության ներգրավվածությունը պատմաբաններն ապացուցված փաստ են համարում: «Սակայն դեռևս հստակ չէ, թե որն է եղել գերմանացիների դերը: Արդյոք նրանք միայն ականատեսներ են եղել, թե մեղսակիցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրում է հոդվածագիր Ռիչարդ Ֆուչսը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի մեղսակցության հարցը Բեռլինում 160 պատմաբանի ուսումնասիրության նյութ է եղել:

Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմաբան Աշոտ Հայրունու կարծիքով` գերմանացիները մեղավոր են իրենց լռության և սառն անտարբերության համար: Գերմանական կառավարությունը միայն կանգնել և կողքից նայել է, թե ինչպես են երիտթուրքերը հայերին քշել անապատներ` հայտարարելով, որ չեն ցանկանում միջամտել` շատ լավ տեղեկացված լինելով, թե ինչ է կատարվում:

Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիստին Փշիչհոլցը որևէ կասկած չունի այս հարցում: Կարդալով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերը` նա հանգել է այն եզրակացության, որ «Գերմանական կառավարությունը լայնածավալ տեղեկություն է ունեցել Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության հադեպ իրականացվող ապակառուցողական քաղաքականության մասին»: Մահվան երթեր, մահապատիժներ, հարկադիր աշխատանք. գերմանացի դիվանագետները ջանասիրաբար գրի են առել այն ամենն, ինչ կատարվել է իրենց շուրջն այդ ժամանակ:

1915 թվականի հուլիսի 7-ին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանի` Գերմանիայի կանցլերին ուղարկած հեռագրում ասվում է. «Կառավարության (թուրքական կառավարության) հռչակված մտադրությունն է վերացնել հայ ազգին թուրքական կայսրությունից»:

Մեծ հեղինակություն վայելող «Լեփսիուսի տուն» հետազոտական ինստիտուտի պատմաբան Ռոլֆ Հոլսֆեդը նշում է, որ «100 տարի շարունակ գերմանական կառավարությունը պաշտոնապես տեղեկացված է եղել 1915 և 1916 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մասին»:

Գերմանացի պաշտոնյաները մշտապես խուսափում են «ցեղասպանություն» եզրն օգտագործելուց: 1916 թվականի սեպտեմբերի 29-ին Գերմանիայի գլխավոր օրենսդիր մարմնում` Ռայխսթագում, քննարկվել է Գերմանիայի դերը Օսմանյան կայսրության կողմից կանխամտածված և իրականացված Հայոց ցեղասպանության գործում: Դիվանագետ Գոթլիբ ֆոն Յագովը խորհրդրանին է ներկայացրել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի իրադարաձությունների հաշվետվությունը: Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած զանգվածային տեղահանությունների և բնաջնջման ժամանակ Գերմանիան գաղութային գերտերություն և Օսմանյան կառավարության դաշնակիցն է եղել: «Մենք արել ենք ամենն ինչ կարող էինք»,- հայտարարել է Յագովը` փորձելով պաշտպանել Գերմանիայի պասիվ կեցվածքը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառմանը Գերմանիան, հավանաբար, ներկայացված կլինի դեսպանի մակարդակով: «Դեռևս որոշված չէ, թե ով է Գերմանիան ներկայացնելու: Ներքին շրջանակներում կարծում են, որ Գերմանիայի գաղտնապահությունը այս հարցի վերաբերյալ պայմանավորված է հանգամանքով, որ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցելու միջոցառումներին: Հնարավոր է, որ ոգեկոչման արարողությանը Գերմանիան մասնակցի դեսպանի մակարդակով, այնինչ` Ֆրանսիան ներկայացնելու է անձամբ նախագահ Օլանդը»,- հայտնում է գերմանական գործակալությունը` հավելելով, որ գերմանացի պատմաբան Յուրգեն Գոթշլիչը սա «սկանդալային» է որակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում