Երթուղային գծեր փակելով փոխադրողներն ուզում են ուղեվարձի բարձրացումը բերել օրակարգ

Երթուղային գծեր փակելով փոխադրողներն ուզում են ուղեվարձի բարձրացումը բերել օրակարգ

Երևանի փոխադրող ընկերությունները հայտարարում են, որ հայտնվել են անելանելի իրավիճակում և ստիպված են փակել երթուղայինների գծերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ 7 երթուղիներ արդեն չեն աշխատում` այս կերպ փորձելով համոզել, որ երթուղիների փակվելը ավելի թանկ է նստում բնակիչների վրա, քան կարժենար ուղեվարձի բարձրացումը:

«Եթե նախկինում մի տեղից մյուսը հասնելու համար քաղաքացին վճարում էր 100 դրամ, ապա ներկայումս, երթուղիների բացակայության պարագայում, ստիպված են լինում երկու մեքենա փոխել` անհրաժեշտ վայրը հասնելու համար: Արդյուքնում 100 դրամի փոխարեն վճարում են 200 դրամ, այնինչ 1,5 տարի առաջ մենք առաջարկում էին ուղեվարձը դարձնել 150 դրամ և դրանով լուծել քաղաքային տրանսպարտի խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Եղիազարյանը հայտարարեց, որ ներկա պայմաններում 150 դրամ ուղեվարձը ևս չի բավարարի փոխադրողներին` ոտքի կանգնելու համար, և հնչեցրեց 200 դրամ ուղեվարձի պահանջը: Նրա խոսքով` միայն այդ ուղեվարձի պարագայում փոխադրողները կկարողնան նոր մեքենաներ և ավելի լավ պամաններ առաջարկել ուղևորներին: «Փոխադրողները 2008 թվականից վնասով են աշխատել, սակայն այլևս չեն կարող»,- ասաց Եղիազարյանը:

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների սակագինը 2013թ. հուլիսի 20-ից թանկացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ, իսկ տրոլեյբուսներինը՝ 50-ից դարձավ 100 դրամ: Անփոփոխ մնաց միայն մետրոյի սակագինը: Սակայն Երեւանում բողոքի ցույցերն ու ակցիաները հանգեցրին նրան, որ վերականգնվեց տրանսպորտի նախկին սակագինը: Դրանից հետ փոխադրողները պարբերաբար գործադուլներ էին կազմակերպում և հայտարարում, որ չեն պատրաստվում աշխատել 100 դրամ ուղեվարձի պայմաններում: Ներկայումս էլ երթուղայինների գծատերերը և միությունները հանդես են գալիս նույն հայտարարություններով` փորձելով խնդիրը մտցնել քաղաքապետարանի ուսումնասիրության դաշտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում