Մարտուն Գրիգորյանը լքեց ԲՀԿ-ն

Մարտուն Գրիգորյանը լքեց ԲՀԿ-ն

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից  դուրս գալու հայտարարություն է տարածել.

«Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության եւ մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների եւ ծրագրերի հետ եւ օգնեցինք իրեն եւ կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը եւ Գյումրին:

Մենք բոլոր առիթներն օգտագործել ենք պարոն Ծառուկյանին մեր երախտագիտությունը եւ պատրաստակամությունը հայտնելու համար: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին մեր համաքաղաքացիների տված քվեն թերեւս լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին մեր քաղաքի նկատմամբ ցուցաբերած տեւական հոգածության դիմաց:

Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով, վստահությամբ եւ նվիրումով Համաժողովրդական շարժման բոլոր փուլերում` պատրաստ ամեն ինչի եւ մինչեւ վերջ գնալու, իր կողքին մնալու վճռականությամբ: Հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակը ամենքիս համար լրջագույն մտորումների առիթ է:

Գագիկ Ծառուկյանը, խուսափելով հնարավոր բախումներից եւ արյունահեղությունից, խաղաղության եւ կառուցողական գործողությունների կոչ արեց` դուրս գալով քաղաքական դաշտից: Ես ինքս էլ երբեւէ արյունահեղության կողմնակից չեմ եղել, որպես ասածիս հավաստում պետք է հիշեմ Գյումրու հունվարյան դեպքերը, երբ ամեն ինչ արեցի, որ գյումրեցու, հայ մարդու արյուն չթափվի:

Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաեւ ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետեւ հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն եւ հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգեւոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը:

Քննարկումներիս արդյունքում եմ հանգել որոշման. ես դուրս եմ գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական գործընկերներիս հետ:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորին անցած տարիների սերտ համագործակցության համար եւ շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նոր կարգավիճակում, որպես անկուսակցական պատգամավոր կշարունակեմ իմ գործունեությունը առավել մեծ ջանքով, եռանդով, դուխով ու թասիբով, կլինեմ գյումրեցիների կողքին:

Իմ պատգամավորական աշխատանքում ինձ ուժ է տվել եւ կտա իմ կարգախոսը` իմ թիկունքին ժողովուրդն է :

Աստված բոլորիս պահապան:

Հարգանքով` Մարտուն Գրիգորյան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում