Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Արարատի Ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Արարատի Ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում

Հարգելի՛ լրագրողներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս կարևոր և մասշտաբային միջոցառման շրջանակներում: Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հուսով եմ, որ «Արարատի ստորոտին» գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցներդ աշխատանքից բացի հնարավորություն կունենաք ծանոթանալու հայկական մշակույթին և խոհանոցին, հմայվելու բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:

Ակնհայտ է, որ մեր օրերում լրատվամիջոցները համամարդկային արժեքները տարածելու, դրանց ոտնահարման դեմ պայքարելու և միջազգային հանրությանը համախմբելու հսկայական ներուժ ունեն: Այսօր մեկ հարկի տակ է հավաքվել միջազգային լրատվամիջոցների խիստ ներկայացուցչական մի կազմ, որն արդեն իսկ ձևավորել է Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների արդյունավետ մեդիա հարթակ՝ միտված ևս մեկ անգամ վեր հանելու 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի հետ կապված իրողությունները։ Այս համաժողովը, ինչու չէ, նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից և համակողմանի ներկայացնելու տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները:

2015 թվականին Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը միջազգային հանրության հետ հիշում և ոգեկոչում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավորներն էլ դարձան գաղթական կամ բռնի կրոնափոխ եղան։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Մեծ եղեռնի հետևանքները թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:

Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ:

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արևելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Ցավում եմ, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման և հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը և այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներով:

Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, վերջին տարիներին «Իսլամական պետության» կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգության ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության և առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ և չկրել մեղքի այդ ծանր բեռը:

Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման:

Ի սկզբանե մենք կարծում էինք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հռչակված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մեջ ամրագրված էին Թուրքիայի անկեղծ մտադրությունները՝ կարգավորել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի և այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց «զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև: Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե «հարևանների հետ զրո խնդիրներ» ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարևաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսևորում:

Ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որին անդամակցում են հայկական խոշորագույն բոլոր կառույցների ղեկավարները: Հանձնաժողովի կողմից ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը և որում վերահաստատվում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար: Այդ տեսանկյունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները սոսկ համահայկական բնույթ չեն կրում. դրանք համամարդկային արժեքների դեմ ցանկացած ոտնձգության կանխման յուրատեսակ կոչ են: Այդ իսկ պատճառով ես հրավերներ եմ ուղարկել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների՝ ապրիլի 24-ին գալու Հայաստան և այդպիսով ցեղասպանության հանցագործության անթույլատրելիության մասին հզոր ուղերձ հղելու աշխարհին:

Հարգելի՛ բարեկամներ,

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր պայքարն ընդդեմ ցեղասպանության հանցագործության նաև միջազգային կազմակերպություններում: 2013թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Այս տարի ևս առաջարկելու ենք նոր բանաձևի նախագիծ:

Ոգևորիչ է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները ևս անմասն չեն Հայաստանի նախաձեռնություններին, ավելին՝ իրենց ծանրակշիռ ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Մենք հավերժ երախտապարտ ենք բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք այդ արհավիրքի տարիներին և դրանից հետո ապաստան են տվել մեր ժողովրդի հազարավոր զավակների՝ տալով նրանց հնարավորություն վերապրելու և պահպանելու սեփական ինքնությունը, դառնալու տվյալ երկրների հասարակությունների լիարժեք անդամներ:

Կարևորելով ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը որպես դրանց կրկնության կանխարգելման միջոց` մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք անդրադառնում են մեր ժողովրդի հանդեպ կատարված այդ հանցագործությանը: Սա վկայում է համամարդկային արժեքների պաշտպանության գործում քաղաքակիրթ աշխարհի անկեղծ հանձնառության մասին, միաժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդների մոտ հավատ ներշնչում արդարության, ոտնահարված իրավունքների վերականգնման, դրանց արժանի դատապարտման ու անպատժելիության անթույլատրելիության հարցում:

Նման հանձնառության վերջին վառ վկայություններից էր ԵԺԿ քաղաքական համաժողովի՝ ս.թ. մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունումը: Այն լուրջ քաղաքական ուղերձներ է պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտման վերաբերյալ՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական անցյալին: Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ քաղաքական ուժի նման դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, անշուշտ, պետք է ուղղորդիչ դեր խաղա համաեվրոպական կառույցների և Եվրամիության անդամ պետությունների համար:

Ակնհայտ է մի բան. այսօրվա աշխարհի կայունության ու բնականոն զարգացման գրավականը խաղաղ գոյակցությունն ու հանդուրժողականությունն են: Հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ թույլ չտալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների պատճառով խաղաղ բանակցությունների ձախողումը: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնք իրենց սադրիչ գործողություններով վտանգում են ոչ միայն սեփական պետության, այլև տարածաշրջանի անվտանգությունը, Հայաստանը քաջ գիտակցում է այդ արկածախնդիր քաղաքականության ծանր հետևանքները: Հետևաբար, զսպելով ադրբեջանական ռազմական սադրանքները, մենք փորձում ենք կանխել նոր հակամարտության բռնկումը, ինչը լրջորեն կխաթարի առանց այն էլ անկայուն իրավիճակը մեր ողջ տարածաշրջանում:

Մենք թշնամություն և ատելություն չենք սերմանում մեր ժողովրդի մեջ, ինչը Ադրբեջանի իշխանությունների՝ տարիներ շարունակ տարվող քաղաքականության անքակտելի բաղկացուցիչն է: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ով հայտարարում է, որ հայ ժողովուրդը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է, ես կրկին բարձրաձայնում եմ, որ հայ ժողովուրդը թշնամի ժողովուրդ չունի:

Ադրբեջանի կողմից տասնյակ տարիներ շարունակ տարվող հակահայ քաղաքականությունն ու պատմական արդարությունը վերականգնելու վճռականությունն էին, որ վերջնականապես մղեցին ԼՂ ժողովրդին իրացնելու ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքը՝ սեփական հողի վրա սեփական հայրենիք կառուցելու իրավունքը: Ադրբեջանի սպառնալիքներից և սադրանքներից անկախ՝ պատմության անիվն այսօր անհնարին է հետ շրջել. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս կայացած իրողություն է, իսկ նրա ժողովրդի ազատատենչ ոգին անհնարին է կոտրել: Դրանում համոզվելու համար կոչ եմ անում ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու Արցախի պետականաշինությանը և օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու ձեր հասարակություններին:

Խնդրի կարգավորման ՀՀ մոտեցումը մնում է անփոփոխ. այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ համանախագահների առաջարկած հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանի ջանքերը՝ փոխել Մինսկի խմբի ձևաչափը, փորձել ՀՀ և ԼՂ հետ խոսել ուժի, սադրանքների կամ շանտաժի դիրքերից, չեն հանգեցնի խնդրի լուծմանը: Սա միանշանակ է:

Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականի հունվարի 27-ին Կրակովում հայտարարություն արեցին, որում կոչ էր արվում Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին: Վստահ եմ, որ զսպվածության պահպանմանն ուղղված թիրախային ուղերձների շարունակականությունը որոշակի զգոնություն կառաջացնի դրանց իրական հասցեատիրոջ մոտ:

Հարգելի՛ ներկաներ,

Թեև ցեղասպանության ճանաչումն ու ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը կենսական խնդիրներ են մեզ համար, մեր օրակարգը, բնականաբար, շատ ավելի լայն է:

Դարեր շարունակ մեր ժողովուրդն անցել է փորձությունների միջով, որոնք չեն կարողացել կոտրել հայի վճռական կամքը՝ պահպանելու սեփական ինքնությունը, տնօրինելու սեփական ճակատագիրը և ի վերջո կերտելու անկախ պետականություն: Եվ մենք կարողացել ենք հասնել մեր նվիրական, երբեմն անգամ երազանք թվացող նպատակներին:

Չնայած մեր պետականության տարիներին մեզ բաժին հասած դժվարություններին՝ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական և ազատ տնտեսական մոդել ունեցող պետություն: Պետականաշինության բարդ գործում մենք մենակ չենք եղել. մշտապես զգացել ենք բարեկամ երկրների աջակցությունը և դժվարին պահին մեր կողքին լինելու պատրաստակամությունը:

Մեր երկրի քաղաքական կարևոր ձեռքբերումներից են, անկասկած, քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումը, որը հատկապես վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում կառավարության տարբեր նախաձեռնությունների նկատմամբ: Հայաստանը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական քաղաքականության և մի շարք ոլորտներում իր բարեփոխումների և զարգացման ցուցանիշներով ոչ միայն չի զիջում, այլև մի շարք չափանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների:

Ազատ մամուլը ևս, որ համակողմանիորեն լուսաբանում և հասարակությանն է ներկայացնում երկրի ներքին և արտաքին իրավիճակը՝ իր ձեռքբերումներով և բացթողումներով, անկախության տարիների մեր կարևոր նվաճումներից է: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս 2015» զեկույցի, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, առաջատար դիրքեր գրավելով ԱՊՀ երկրների շարքում և նույնիսկ առաջ անցնելով ԵՄ անդամ որոշ պետություններից : Ակնհայտ է, որ մեզ այդ ցուցանիշը չի բավարարում, բայց մենք փորձում ենք ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ, և եթե հինգ տարվա, երեք տարվա կտրվածքով մենք տեսնում ենք էական տարբերություն, այո, ինչ, որ տեղ սա գնահատում ենք:

Ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքական ընդդիմությունը: Ինքս մեծապես կարևորում եմ կառուցողական ընդդիմության կայացումը և քաջ գիտակցում, որ այն ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրիչ է:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործընթացներում, որոնք նպատակաուղղված են արդյունավետ, հաշվետու և թափանցիկ կառավարման հաստատմանը:

Այս համատեքստում կարևորում ենք նաև սահմանադրական բարեփոխումները, որոնք մենք նախաձեռնել ենք Հայաստանում: Դրանք նպատակ ունեն կատարելագործելու իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը, ապահովելու իշխանությունների լիարժեք հավասարակշռումը, բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: Այժմ մենք գտնվում ենք բարեփոխված սահմանադրության տեքստի մշակման փուլում, որն ընթանում է առավելագույն թափանցիկության և բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու սկզբունքներով:

Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավար հասարակություն և երկիր կառուցելը շարունակական գործընթաց է, և պատրաստակամ ենք հետևողականորեն ներդնել մեր ջանքերն այդ նպատակին:

Հարգելի՛ լրագրողներ,

ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա: Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել և զարգացնում ՌԴ-ի հետ: Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են մեր ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա: ՌԴ-ի հետ սերտ փոխգործակցությունը մեր անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության կարևոր բաղադրիչներից է: ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, 2014թ. մեր առևտրաշրջանառությունը կազմել է $1,4 մլրդ-ից ավելի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություններ են գործում, իսկ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ գերազանցել են $3 մլրդ-ը: Ես վստահ եմ, որ դահլիճում նստած շատ-շատերի համար այս թվերը փոքր և ծիծաղելի են երևում, բայց հավատացեք, որ Հայաստանի նման փոքր պետության և փոքր տնտեսության համար այս թվերը չափազանց կարևոր են: Ռուսաստանի հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, ենթակառուցվածքային, արդյունաբերական և այլն: ՌԴ-ում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 2 մլն հայ է բնակվում: ՌԴ հետ շարունակական փոխգործակցության զարգացումն ընթանում է նաև միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Մեծապես կարևորում ենք ՌԴ-ի ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը:

Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է նաև ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը:

Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում: Ներկայիս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության և այլն, որոնց շրջանակներում տարեցտարի մենք նոր ձեռքբերումներ ենք արձանագրում:

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ մեր գործընկերությունն այժմ գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները:

Բարձր ենք գնահատում ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ միտված մեր պետականության ամրապնդմանը:

Մեծապես կարևորում ենք նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ նրա ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հայաստանը մեծապես շահագրգռված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացմամբ: Մենք արժևորում ենք այն ձեռքբերումները, որոնցով անցած երկու տասնամյակներում նշանավորվել են մեր միջպետական հարաբերությունները, և որոնք ներառում են քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական համագործակցության կանոնավոր զարգացում, աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացում:

Հետևողական ու համատեղ ջանքերի արդյունքում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հասել են շատ կարևոր հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Անգնահատելի է Ֆրանսիայի՝ ամենաբարձր մակարդակով դերակատարումը Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում նրա դերը:

Անշուշտ, մեր երկրի կարևոր առաջնահերթություններից է հարևան երկրների՝ մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ ավանդական բարեկամական գործընկերության խորացումն ու ընդլայնումը:

Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցությունը, որը պայմանավորված է պատմամշակութային ընդհանրություններով, փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

Հայ-իրանական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում նաև քաղաքական ակտիվ շփումներն ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միտված համատեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Ուշադրությամբ հետևում ենք Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության և վեցյակի միջև ընթացող բանակցություններին: Մենք ցանկանում ենք, որ խնդրի լուծումը գտնվի հնարավորինս մոտ ժամանակներում՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Լիահույս ենք, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն հարցի համապարփակ կարգավորմանը:

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին տեսանելիորեն աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները: Ավանդական բարեկամության, հարևանության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Արդյունքում մենք ձեռք ենք բերում երկկողմ օրակարգի արդիական հարցերի օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:

Մշտապես կարևորում ենք Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և պահպանման գործում:

Մեր քաղաքական համագործակցության մակարդակը նպաստավոր պայմաններ է ապահովել երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, որի խթանմանն ուղղված իրավապայմանագրային բազայի զարգացման գործում նշանակալի ձեռքբերումներ ենք արձանագրել:

2015թ. հունվարից մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից եղել և շարունակում է մնալ տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը: 21-րդ դարում փոքր պետությունների համար համաշխարհային տնտեսության ներկայիս միտումներին հետևելու և այդ տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար կարևոր դերակատարություն է վերապահված տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին: Այս տեսանկյունից, հաշվի առնելով մեր երկրի տնտեսության ներկայիս կառուցվածքը, արտահանման աշխարհագրությունը, ԵՏՄ անդամ-պետությունների հետ ունեցած տնտեսական կապերը, ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժն առանց մաքսային խոչընդոտների էական հնարավորություններ է ընձեռում մեր գործարար շրջանակներին նորանոր շուկաներ բացահայտելու և այնտեղ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Այս ամենը բնականաբար կնպաստի ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճին և առհասարակ, մեր տնտեսության զարգացմանը:

Հարգելի՛ լրագրողներ,

Լինելով եվրոպական ընտանիքի և քաղաքակրթության լիարժեք անդամ և մեր զարգացման հիմքում կրելով եվրոպական արժեհամակարգի սկզբունքները՝ մենք գործուն ջանքեր ենք ներդնում ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ և մեր արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման գործում: ՀՀ-ԵՄ համագործակցությունը նշանավորվել է լուրջ ձեռքբերումներով, որը համատեղ ջանքերի, քաղաքական կամքի ու երկուստեք պատրաստակամության արդյունք է: Այս տարիների ընթացքում մեր երկխոսության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցրել նաև Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները:

Մենք մտադիր ենք պահպանել այս ձեռքբերումները, ավելին՝ խորացնել և զարգացնել դրանք նորանոր նախաձեռնություններով: Այդ մասին է վկայում 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը, որով վերահաստատվեց համապարփակ համագործակցությունը ավելի զարգացնելու և ամրապնդելու փոխադարձ հանձնառությունը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ մեր նոր իրավապայմանագրային հիմքը ձևավորելու ուղղությամբ:

Միաժամանակ, չեմ կարող չնշել, որ 21-րդ դարում համաշխարհայնացման բուռն տեմպերի պայմաններում, երբ աշխարհը շարժվում է մեկ միասնական տարածքի ձևավորման ուղղությամբ, երբ կարծես թե պետությունների միջև տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ է դառնում խոսել տարբեր ինտեգրացիոն մոդելների հակադրման մասին: Այս առումով, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կարող է կապող օղակ հանդիսանալ այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար:

Մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն օր օրի ընդլայնվում է՝ իր մեջ ներառելով նոր գործընկերներ: Ակտիվացել են հարաբերությունները լատինամերիկյան, ասիական տարածաշրջանի երկրների հետ, ջերմ ավանդական հարաբերություններ ենք զարգացնում արաբական աշխարհի հետ: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվ համագործակցություն ենք ծավալում Չինաստանի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների հետ: Մի քանի օրից կայանալու է իմ պետական այցը Չինաստան, որը, վստահ եմ, նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում:

Բնականաբար մեր արտաքին քաղաքականության և անվտանգության վրա չեն կարող չազդել հարևան տարածաշրջաններում և ընդհանրապես միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող տագնապալի գործընթացները: Այսօր Սիրիայում և Իրաքում, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» իրական սպառնալիք է դարձել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար: Հինավուրց քաղաքակրթությունների բնօրրան հանդիսացող Մերձավոր Արևելքում վտանգված է այդ նույն քաղաքակրթությունների գոյությունը: Սիրիայում և Իրաքում հայ համայնքներն անմասն չեն այդ ամենից: Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները, որ ապաստան էին գտել Սիրիայում, Իրաքում, այժմ էլ բախվել են նշված մարտահրավերներին: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից:

Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետության», Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է անում միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը:

Հարգելի՛ լրագրողներ,

Այսքանով, թերևս, սահմանափակեմ խոսքս և այժմ պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում