Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից Հայաստանը հասել է միջճգնաժամային ժամանակաշրջանի. Վաչե Գաբրիելյան

Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից Հայաստանը հասել է միջճգնաժամային ժամանակաշրջանի. Վաչե Գաբրիելյան

Տնտեսությանը տրվող ֆինանսական ռեսուրսների խնդիրը հուզում է կառավարությանը. այդ հարցի շուրջ կառավարությունը մշտապես քննարկումներ է ունենում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և առևտրային բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին՝ կապված Հայաստանում առկա վարկավորման խնդիրների հետ: «Այստեղ հարկ է հաշվի առնել մի հանգամանք: Մենք ունեցել ենք խոշոր փոփոխություն դրամավարկային քաղաքականության ոլորտում: Դա 2014թ. վերջին տեղի ունեցած արժեզրկումն էր, որը կարելի է ասել տարածաշրջանային ֆենոմեն էր, որը որոշ երկրներում զգացվեց ավելի շատ, որոշներում՝ ավելի քիչ: Սակայն Հայաստանում ևս այդ խնդիրը տեղի ունեցավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ դրամավարկային տեսանկյունից Հայաստանը հասել է միջճգնաժամային ժամանակաշրջանի:

Նա նկատեց, որ այս խնդիրը եղել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլ երկրներում: «Այսինքն, երբ որևէ երկրում տեղի են ունենում նման փոփոխություններ, վարկավորումը միանգամից չի աճում: Ես պետք է նշեմ, որ Հայաստանում վարկավորման աճի տեմպն է դանդաղել. Վարկավորումը չի վերացել: Մասնավորապես, 2015թ. առաջին երկու ամիսների ընթացքում բանկային համակարգի կողմից տրամադրվել է 272 միլիարդ դրամային և 325 միլիոն դոլարային վարկեր: Այս տեսակետից կա նաև խնդիր, որ վարկունակության խնդիրներն են փոխվել, շատերը նաև հապաղում են վարկեր վերցնել, ինչն ազդեցություն է ունենում վարկերի ծավալների վրա»,- մանրամասնեց Վաչե Գաբրիելյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ե՞րբ են կարգավորվելու վարկավորման հետ կապված խնդիրները Վաչե Գաբրիելյանն ընդգծեց. «Եթե մենք ուշադրություն դարձնենք, թե տարբեր երկրներում, այս խնդիրն ինչպես է կարգավորվում, ապա 2008-2009թթ. հետո, երբ Ամերիկայի ֆեդերալ պահուստային համակարգն անընդհատ լցնում էր փող, իսկ այդ փողը հետ էր գալիս կենտրոնական բանկի հաշիվներին, քանի որ դրանիցից օգտվողներ չկային, որովհետև տոկոսադրույքների, վարկունակության խնդիր կար: Հայաստանում, երբ Կենտրոնական բանկը կտրուկ միջոցառումներ ձեռնարկեց, էապես բարձրացրեց թե՛ պարտ ադիր պահուստավորման նորմը, թե՛ լոմբարդային տոկոսադրույքը: Լոմբարդային տոկոսադրույքը, որը հիմնական տոկոսադրույքից գտնվում էր 1.5 տոկոսի շրջանակներում, բարձրացվեց շուրջ 11-12 տոկոսի չափով: Դրա հետևանքով մենք ունեցանք կայունություն արդեն դեկտեմբերին, որը շարունակվեց մինչ օրս, և այն ցնցումները, որոնք առկա էին նույն մեր հարևան Վրաստանում, մեզ մոտ տեղի չունեցան»,- նշեց Գաբրիելյանը:

Նախարարը նաև շեշտեց, որ երեկ ՀՀ ԿԲ-ն ընդունել է մի շատ կարևոր որոշում, որով լոմբարդային տոկոսադրույքը, որով տրամադրվսում են վարկերը, կրկին բերվել է նախկին 1.5 տոկոսի տարբերությանը հիմնական տոկոսադրույքից: «Այսինքն, այն ժամանակավոր, կարճաժամկետ միջոցառումները, որոնք պետք է իրականացվեին շատ արագ, որպեսզի կայունացում լինի, հիմա մենք դրանից հետ ենք եկել, և եթե նայում ենք երեկվա այդ որոշմանը, մենք հասել ենք այդ պահին, որ կանոնակարգված է ամեն ինչ: Բավարա՞ր է սա, ոչ: Կառավարությունը, մշտապես աշխատելով Կենտրոնական բանկի հետ, աջակցում է մի շարք ծրագրեր` առկա խնդիրները կարգավորելու համար»,- եզրափակեց Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում