Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի գողացած ողջ գույքը. նորվեգացի միսիոներուհու թոռան բացառիկ հարցազրույցը

Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի գողացած ողջ գույքը. նորվեգացի միսիոներուհու թոռան բացառիկ հարցազրույցը

 Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը 1905թ. չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն կունենար իր կյանքի վրա «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից Օսմանյան կայսրություն իր գործուղումը: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին, խնամում և մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց: Իսկ 1917թ. Բոդիլ Բյորնը Նորվեգիա է վերադառնում երկու տա րեկան Ռաֆայել անունով մի տղայի հետ, ում, իր խոսքերով, որդեգրել էր: Մկրտությունից հետո տղային կոչում են մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի պատվին: «Արմենպրես»-ը ներկայացում է հարցազրույց Բոդիլ Բյորնի թոռան` Յուսի Ֆլեմմինգ Բյորնի հետ, ով ակամա չէր կարող անտարբեր մնալ իր հոր պատմական հայրենիքի անցյալի ու ներկայի հանդեպ:

-Որքանո՞վ շարքային նորվեգացիները տեղյակ են Հայոց ցեղասպանության և Բոդիլ Բյորնի պես մարդկանց սխրագործությունների մասին:

-Շարքային նորվեգացիները տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին: Սակայն 1920-ական թվականներին Նորվեգիայում մարդիկ ավելի լավ էին տեղեկացված, քանի որ թերթերում հաճախ էին հայտնվում Բոդիլի և այլոց հոդվածներն աղետի վերաբերյալ: Նաև մեծացավ նորվեգական հանրության ուշադրությունը Ֆրիտյոֆ Նանսենի ճանապարհորդության և 1922 թ. Խաղաղության նոբելյան մրցանակը ստանալու արդյունքում: Սակայ հետզհետե այն մատնվեց մոռացության:

-Ե՞րբ և ինչպե՞ս դուք հայտնաբերեցիք հսկայական մարդասիրական աշխատանքի մասին, որն իրականացրել էր Ձեր տատիկը:

-Ես միշտ իմացել եմ տատիկիս կատարած աշխատանքի մասին, քանի որ մենք միասին էինք ապրում, մինչև նրա մահը 89 տարեկանում: Այդ ժամանակ ես 15 տարեկան էի:

-Ինչպե՞ս այդ պատմությունն ազդեց Ձեր հետագա կյանքի վրա:

-Ես մեծացել եմ իմանալով, որ կիսով հայ եմ, կիսով ֆինն, սակայն նաև նորվեգացի: Երբեք չեմ ունեցել խնդիրներ իմ ծագման վերաբերյալ: Երբեք ուշադրություն չեմ դարձրել, թե ծագումնաբանությանս, թե տատիկիս սխրանքների վրա: Սովորական տղա էի, որն ապրում էր սովորական ընտանիքում: Մայրս խոսում էր մի փոքր ծիծաղելի նորվեգա-շվեդերեն, ֆիննական ակցենտով: Հայրս, իմ ընկերների հայրերի համեմատ, ուներ արտասովոր արտաքին, և վարժ խոսում էր մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ֆիններեն և արաբերեն: Եվ ես հպարտ էի այդ հանգամանքով: Իսկ նրա հայկական ծագումը չէի կարևորում , քանի որ Հայաստանի մասին չէին խոսում նորություններով, այն անհասանելի էր մեզ համար՝ լինելով ԽՍՀՄ-ի մի մաս: Իմ հայրը հայ էր, մայրս ֆինն էր, ես ծնվել էի Ստոկհոլմում, իմ եղբայրը՝ Ֆինլանդիայում, քույրս՝ Նորվեգիայում, տատիկս նորվեգացի էր: Ես հպարտանում էի իմ ընտանիքով:

– 2008 թ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Բոդիլ Բյորնին նվիրված «Նրանք ինձ մայրիկ են կոչում» վավերագրական ֆիլմի ցուցադրումից հետո այն ի՞նչ ընթացք ունեցավ:

-Այո, ֆիլմը ցուցադրվել է բազում վայրերում՝ Բոդիլի հայրենի Կրագերո քաղաքի կինոթատրոնում, տեղի գրադարանում, Դամասկոսի դանիական համալսարանում, Հալեպի Հայկական մշակութային կենտրոնում, Երևանի Նարեկացի մշակութային կենտրոնում, նորվեգական հեռուստաալիքով և այլն:

-1917 թ. Բոդիլ Բյորնը վերադարձավ Նորվեգիա հայ տղայի հետ, ում, իր խոսքերով, որդեգրել էր և անվանակոչել Ֆրիդրիխ: Հայտնի է դարձել, որ 2005 թ. Սուրբ  Ծննդյան տոնին դուք զանգ եք ստացել մի անծանոթից, ով հավաստում էր, որ բարեկամական կապերի մեջ էր ձեզ հետ: Նա ձեզ հավատացնում էր, որ իր հայրը կարճատև հարաբերություններ էր ունեցել ձեր տատիկի հետ Մուշ քաղաքում: Ինչպիսի՞ շարունակություն ունեցավ այդ պատմությունը:

-Տեր-Մինասյան ազգանունով այդ մարդու ԴՆԹ-ն ոչ մի ընդհանրություն չուներ իմ ԴՆԹ-ի հետ: Սակայն չէր բացառվում, որ այդ մարդու կնոջ՝ Անահիտի հայրը կարող էր ծանոթ լինել Բոդիլի հետ, քանի որ նա ևս Մուշից էր: Ես չշարունակեցի այդ գործը, սակայն առ այսօր ինձ հետաքրքրում են այդ տխրահռչակ օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոճրագործությունից 100 տարի անց այն դեռ չի ստացել լիարժեք գնահատական միջազգային հանրության կողմից, որն էլ իր հերթին նպաստում է, որ աշխարհում նման դեպքերը կրկնվեն:

-Սոցիալական ցանցերը ապացուցել են իրենց ուժը մարդկանց տեսակետների փոփոխման հարցում և նման կերպ արդեն հաջողվել է լույս սփռել  մի շարք ազգային և միջազգային խնդիրների վերաբերյալ: Նույնիսկ քաղաքագետները կիրառում են Ֆեյսբուքն ու Թվիթերը, որպեսզի լույս սփռեն և առաջ տանեն իրենց հուզող հարցերը: Կարևոր է, որպեսզի ամբողջ  2015 թ. լինի հիշատակի տարի և ոչ միայն ապրիլի 24-ը: Կարծում եմ, ապրիլի 24-ը պետք է դառնա համաշխարհային հանրության կողմից ճանաչման ընթացքի սկիզբ այնպիսի ուժգնությամբ` կարծես Հայոց ցեղասպանությունը տեղի էր ունեցել հենց երեկ: Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի կողմից գողացված հայկական ընտանիքներին պատկանող ողջ գույքը, ինչպես դա արեցին հրեաները ողջ Եվրոպայով մեկ: Շատ կարևոր է մերկացնել թուրքական քարոզչությունն ամեն անգամ, երբ նրանք կաշառում են օտարերկրյա քաղաքական գործիչներին, պատմաբաններին, որպեսզի վերջիններս կեղծեն պատմությունը:

-Դուք ծրագրո՞ւմ եք այցելել Հայաստան և կանգնել հայ ժողովրդի կողքին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշական օրը:

-Իհարկե, ես Հայաստան եմ գալու, որպեսզի ապրիլի 24-ի այդ խորհրդանշական օրը ներկա գտնվեմ Ծիծեռնակաբերդում: Ինչպես նաև ինձ հետ բերելու եմ Կրագերոյի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ նորվեգացիների, իմ ընտանիքի անդամներին և ընկերներիս, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես աշխարհի բոլոր անկյուններից հայերը միասին հիշատակի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հարցազրույցն` Անահիտ Մինասյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում