«Թուրքական գայլի չինական ախորժակը» նպաստում է հայ-չինական հարաբերությունների մերձեցմանը

«Թուրքական գայլի չինական ախորժակը»  նպաստում է հայ-չինական հարաբերությունների մերձեցմանը

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ:

Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր:

Այս հռչակագիրը մեկն է այն հարյուրավոր փաստաթղթերից, արձանագրություններից, կոմյունիկեներից և համաձայնագրերից, որոնք ստորագրվել են Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 23 տարիների ընթացքում:

Իհարկե, հնագույն քաղաքակրթությունների հարաբերություրնները միայն երկու տասնամյակով չի սահմանափակվում, այն իսկապես ունի հազարամյակների պատմություն, սակայն Հայաստանի անկախությունը նոր խթան է` պատմական դաշնակցությունը բարձրացնելու ռազմավարական գործակցության  մակարդակի :

«Հայաստան» բառը չինարեն հնչում է «Յա-մեյ-նի-յա», որի հիերոգլիֆները նշանակում են «Ասիայի գեղեցիկ միանձնուհի»: Հայերենում կա «չնաշխարհիկ» բառը, որը նշանակում է շատ գեղեցիկ, հոյակապ, հիասքանչ: Իսկ բառացի` չինական աշխարհից բերված: Սակայն դիվանագիտական մակարդակում երկու երկրների գործակցությունն ունի ավելի խորքային պատճառներ, քան էմոցիոնալ համակրանքը:

Չինաստանի և Հայաստանի միջև ստորագրված վերջին հռչակագիրը փայլուն օրինակն է, որ երբեմն չկան իրենց կշռով մեծ ու փոքր երկրներ, այլ կան շահեր, որոնք ստիպում են նույնսիկ մեծ և ծանրակշիռ երկրներին հաշվի նստել փոքր պետությունների հետ:

Հռչակագիրը բովանդակում է բազմաթիվ կետեր, սակայն անդրադարձ կկատարենք երկու երկրների առանցքային շահերին և մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությա ը և աջակցությանը։
Չինաստանի պարագայում դա Թայվանի խնդիրն է, իսկ Հայաստանի դեպքում` Արցախի հարցը: Իհարկե, հռչակագրի մեջ Հայաստանն ավելի հստակ է իր դիրքորումն արտահայտում Չինաստանի տարածքային ամբողջականության հարցում, քան Չինաստանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, սակայն հռչակագիրն իր մեջ բովանդակում է դրույթներ, որն Արցախի հարցում գոնե թե ապահովում է Չինաստանի չեզոքությունը:

Կարդացեք նաև` ՀՀ-ն և ՉԺՀ-ն բարեկամական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հռչակագիր են ընդունել

«Կողմերը կրկին հայտարարում են, որ չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ՝ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների և խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, ավելին՝ արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում» ։

Միջազգային իրավունքի տեսանկյունից Չինաստանն ու Հայաստանն ունեն հակոտնյա դիրքորոշում, սակայն կան ավելի կարևոր և առաջնային գործոններ, որոնք միավորում են երկու երկրներին:

Գործոնների թվում գերակա դիրք է զբեղցնում Թուրքիայի պանթուրքական ձգտումները, որոնք սպառնալիք են նաև Չինաստանի տարածքային ամբողջականությանը:

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում բնակվում են թյուրքալեզու ույղուրներ,որոնց անջատողական շարժումները պարբերաբար աջակցություն են ստանում արտաքին ուժերի, այդ թվում նաև Թուրքիայի կողմից: 1949 թ-ին այս տարածքը «Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզ» (ՍՈւԻՄ) անվամբ վերջնականապես մտավ Չինաստանի կազմի մեջ: Այս ժամանակվանից ի վեր այս երկրի ղեկավարությունը սկսեց շրջանը բուն չինացիներով (խան) բնակեցնելու ակտիվ քաղաքականություն վարել, որի արդյունքում չինացիների թվաքանակը սկսեց գերազանցել տեղացի ույղուրների թվին, ինչն էլ հանդիսանում է ույղուրների անջատողական տրամադրությունների և Սինցզյանում առկա զանազան այլ խնդիրների պատճառներից մեկը:

Այս կապակցությամբ Թուրքիայի և Չինաստանի հարաբերությունները հատկապես սրվեցին 2009թ-ին, երբ Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանի ղեկավարների քաղաքականությունը Սինցզյան նահանգում որակեց, որպես ցեղասպանություն: Դրանից հետո չինական ԶԼՄ-ը և դիվանագիտական խողովակները Թուրքիային հիշեցրեցին ցեղասպան անցյալի մասին` ակնարկելով զերծ մնալ Կենտրոնական Ասիայում թուրքալեզու ժողովուրդների պաշտպանի դերից` նախազգուշացնելով, որ Թուրքիան ինքը կբախվի տարածքային ամբողջականության խնդրին: Թուրքիան, հասկանալով, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանը շահարկում է քրդական խաղաքարտը, սկսեց ավելի զուսպ քաղաքականություն վարել ույղուրների հարցում:

Այնուամենայնիվ, Չինաստանը հասկանում է, որ թուրքական գայլի ախորժակը ժամանակավոր է փակվել, և բավականաչափ հզորանալու դեպքում Թուրքիան Չինաստանին լուրջ մարտահրավեր կնետի ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Սինցզյանում: Պանթուրքական շղթան քանդող հիմնական օղակը ինչպես դարերի առաջ , այնպես էլ հիմա Հայաստանն է, որը խաթարում է  Թուրքիայի ուղղակի կապը պանթուրքական աշխարհի հետ: Չինաստանը տվյալ դեպքում կանխարգելողական քաղաքականություն է վարում. որքան հզոր է Հայաստանի Հանրապետությունը, այնքան հավանականությունը մեծ է, որ այն ոսկորի նման կմնա թուրքական գայլի կոկորդում և կկանխի առաջխաղացումը:

Պատահական չէ, որ բացի քաղաքական աջակցությունից, Չինաստանը փորձում է նաև ֆինանսա-տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որը դրսևորվում է ինչպես զանազան դրամաշնորհների ու ֆինանասական աջակցության, այնպես էլ տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային քաղաքականություն իրականացնելու տեսքով:

Հայ-չինական առևտրատնտեսական կապերը թռիչքային աճ են արձանագրել վերջին չորս տարիների ընթացքում: Այսպես, եթե 2011թ. Հայաստանից արտահանումը կազմում էր 16.2 միլիոն դոլար, ապա 2014թ.-ին այդ թիվը հասել է 170.9 միլիոնի: Իսկ Չինաստանից ներկրումը 404.2 միլիոնից հասել է 417.5 միլոնի: Հայ-չինական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են նաև Համագործակցության շանհայյան կազմակերպության շրջանակներում:

Այնուամենայնիվ, հարկ է փաստել, որ Չինաստանն այդպես էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դիվանագիտական հարաբերությունների ջերմացման այս փուլում այս հարցը ևս պետք է ակտիվորեն ներգրավել հայ-չինական հարաբերությունների օրակարգ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում