Ժիրայր Դադասյանը հույս ունի մնջախաղի թատրոնի շենքի հարցով լուրեր ստանալ

Ժիրայր Դադասյանը հույս ունի մնջախաղի թատրոնի շենքի հարցով լուրեր ստանալ

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հույս ունի, որ թատրոնին տրամադրվելիք շենքի հարցն առաջիկայում իրատեսական լուծում կստանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դադասյանը նշեց, որ խնդիրը կստացվի լուծել, եթե բոլորը միավորվեն:

«Մի շարք պայմաններ կան, որոնք պետք է անպայման բավարարվեն: Այս թատրոնը պետք է քաղաքի կենտրոնական, տեսանելի մասում լինի, որտեղ շատ զբոսաշրջիկներ կլինեն: Մեր դեպքում թարգմանության խնդիր էլ չկա. սա քաղաքային մթնոլորտ փոխող թատրոն կլինի: Նման թատրոնը չի կարող քաղաքի ծայրամասում լինել, այնպիսի վայրում, որը մշակութային չէ: Շատ ենք ցանկանում, որ խնդիրը լուծվի»,-նշեց Ժիրայր Դադասյանը:

Նրա հավաստմամբ՝ իրենք ուզում են գտնել այնպիսի տարբերակ, որը մեծ բեռ չդառնա պետության վրա՝ կառուցելու և հսկայական գումարներ ծախսելու առումով: «Հույս ունենանք, որ գոնե այս տարի լուր կունենանք: Սա միակ ժանրային պետական թատրոնն է մեր երկրում, նմանատիպ երկրորդը չկա: Մեր թատրոնի նկատմամբ պետք է առանձնահատուկ վերաբերմունք լինի, իսկ թատրոնի տարածքի խնդիրը լուծելը՝ առաջնահերթություն»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում