Ինչպես է հիմնավորվում եվրապարտատոմսերի տեղաբաշխման նպատակահարմարությունը

Ինչպես է հիմնավորվում եվրապարտատոմսերի տեղաբաշխման նպատակահարմարությունը

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հիմնավորվել է՝ 2015 թվականի մարտի 19-ին 500 մլն. ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխման նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ այդ տեղաբաշխումից ստացված միջոցների հաշվին իրականացվել է 2020 թվականին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի հետգնում, որի դիմաց վճարվել է 205.793 մլն ԱՄՆ դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը և հաշվեգրված արժեկտրոնի գումարը:

Բացի այդ, վերը նշված գործարքի արդյունքում ստացված միջոցներից 40 մլրդ. դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար` փոխարինելով պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորումը:

Այս քայլով նախատեսվում է մեղմել պետական գանձապետական պարտատոմսերի շուկայում ստեղծված իրավիճակը` նպատակ ունենալով չվատթարացնել ներքին պետական պարտքը բնութագրող որակական ցուցանիշները: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը` նպատակ ունենալով պահպանել հարկաբյուջետային կայունությունը և ժամանակին ու ամբողջությամբ ֆինանսավորել պետական բյուջեի ծախսերը:

Այսպիսով, այս գործառնությունները իրականացվել են հետևյալ նպատակներով`

​ ձևավորել դրամական միջոցների պահուստ,

​ երկարաձգել ՀՀ կառավարության պարտքի միջին ժամկետայնությունը, մասնավորապես երկարաձգելով շրջանառության մեջ գտնվող արտարժութային պետական պարտատոմսերի ժամկետայնությունը: Այսպես` հետգնման պահին արտարժութային պետական պարտատոմսերի մինչև մարումը մնացած ժամկետը կազմում էր 5.5 տարի, իսկ նոր պարտատոմսերի տեղաբաշխումից և առաջին թողարկման պարտատոմսերի մասնակի հետգնումից հետո` 7.8 տարի,

​ նվազեցնել 2020 թվականին մարման ենթակա պարտատոմսերի վերաֆինանսավորման ռիսկը (2020 թվականին անհրաժեշտ կլինի մարել 500 մլն. ԱՄՆ դոլար` 700 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց),

​ կառուցել Հայաստանի Հանրապետության արտարժութային պետական պարտատոմսերի եկամտաբերության կորը` շրջանառության մեջ ունենալով արդեն 2020 և 2025 թվականներին մարման ենթակա ուղենշային պարտատոմսեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում