Ոչ իշխանական ուժերի սկսած շարժումը դուրս էր եկել քաղաքական պայքարի ձևաչափից. Միքայել Մելքումյան

Ոչ իշխանական ուժերի սկսած շարժումը դուրս էր եկել քաղաքական պայքարի ձևաչափից. Միքայել Մելքումյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է մնում իր գաղափարներին և ծրագրային դրույթներին:

«Իհարկե, նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, և մենք չենք կարող դրա հետ հաշվի չնստել, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մեր այն ծրագրերը, այն մոտեցումները, որ ունեցե լ ենք, փոխվել են: Մենք ունենք մեր մարտավարությունը հստակեցնելու խնդիր, սակայն մեր հիմնական պահանջները մնում են ուժի մեջ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մելքումյանը:

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն կարևորում է օրենսդիր աշխատանքը և շարունակելու է ակտիվորեն զբաղվել նաև օրենսդրական գործունեությամբ՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով հանրության համար կարևոր նշանակություն ունեցող օրենսդրական նախաձեռնություններ: Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, որոնցից հետո երկրում քաղաքական իրավիճակը փոխվեց:

«Բնականաբար, ոչ իշխանական ուժերը համախմբվել էին համատեղ ծրագրերի և երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու գաղափարի շուրջ: Դրան նախորդել էր համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով, մշակվել էր 12 կետից բաղկացած փաստաթուղթ, որը ներկայացվել էր իշխանություններին: Այնուհետև տեղի ունեցան հոկտեմբերյան հանրահավաքները, ստեղծվեցին համաժողովրդական շտաբներ, պետք է լինեին ավելի լայնամասշտա բ միջոցառումներ: Բնականաբար, իմ կարծիքով, գործընթացները քաղաքական պայքարի ձևաչափից ինչ-որ չափով դուրս եկան: Իսկ եթե դու քաղաքական ուժ ես, պետք է իրականացնես քաղաքական գործունեություն, իսկ եթե դուրս ես գալիս քաղաքական գործունեության, պայքարի ձևաչափից, դու դադարում ես կուսակցություն լինելուց: Հենց  որ առաջնային պատասխանատվության մանդատ ունեցող անձինք զգացին, որ իրավիճակը քաղաքական պայքարի ձևաչափից դուրս  է եկել, կայացվեց հայտնի որոշումը՝ գործընթացները չտանել հետագա սրացման: Այսինքն, եթե դուք հիմա ինձ եք հարցնում, ես կանխատեսել էի , որ մենք կանենք հանրահավաք, կլինի նստացույց ու հետո խնդիրներ կունենանք իրավական ընթացակարգերի շուրջ, ինչպես լինում է ամբողջ աշխարհում: Ժողովուրդը հավաքվում է, ինչ-որ խնդիրներ են ծագում, լինում է ինչ-որ սադրանք, և դրա հետևանքով երկրի ներքին ու արտաքին անվտսնգության նկատառումներով ինչ-որ պատժամիջոցներ են կիրառվում:  Այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվություն վերցնեին այդ գործընթացները տանելու, չգնացին այդ քայլին: Ոչ թե նրա համար, որ պատրաստ չէին, այլ նրա համար, որ չցանկացան գնալ իրավիճակի սրման, լարվածության կամ արյունահեղության, ինչ ի արդյունքում էլ մենք այսօր ունենք նոր իրավիճակ»,- եզրափակեց Մելքումյանը:

Թեմային անդրադարձավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը, ով ընդգծեց, որ տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ եղել են հայտարարություններ, որոնց ավելացնելու բան իրենք չունեն: Նա նաև կոչ արեց տեղի ունեցածի համար մեղավորներ չփնտրել և չփորձել մեկ ամիս առաջ տեղի ունեցած քաղաքական զարգացումների առումով վերլուծություններ ակնկալել մարդկանցից, ովքեր գտնվում են կիրառական քաղաքականության մեջ և աշխատում են ամենօրյա ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում