Ախր լաթը շատ էր սպիտակ…

Ախր լաթը շատ էր սպիտակ…

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական զավեշտն է հրամցրել համացանցում: Զինծառայողի գերի հանձնվելու բեմականացված տեսարանը վերստին վկայում է, որ հակառակորդը միայն մարտադաշտում չէ ապաշնորհ: Մաքրությունից պսպղացող պիտակ շորը ծուլորեն տատանող զինծառայողը զբոսանքի ելածի տպավորություն էր թողնում: Հատկապես աչք է ծակում հայի արյան ծարավ թշնամուց վտանգ չսպասելու զինծառայողի անհավանական ինքնավստահությունը…

Ադրբեջաներեն խոսակցությունները, որոնք անհասկանալի լինելու պատճառով ոչ այնքան հասցեագրված են ադրբեջանական արտադրության տեսանյութի հարկադրյալ «հերոսին», որքան նպատակաուղղված են քողարկելու կեղծիքը… Մառախլապատ ու անձրևոտ եղանակը, կախարդական փայտիկի մի հպումով, տեսանյութում վերափոխվել է պարզ օրվա… Իսկ Ադրբեջանի զինված ուժերի «մարտական դիրքերը» տեսանյութում զորավարժարանի հողափոսեր են հիշեցնում… Համայնապատկերում երևացող դաշտը միջդիրքային տարածք չէր կարող լինել նաև այն պարզ պատճառով, որ առաջնագծի ադրբեջանցի զինծառայողները հրադադարի մշտական խախտումների համար պատժվելու ահից ուղղակի չէին համարձակվի գլուխ ցցել և նկարահանել…

Հասկանալի է, որ գերի հանձնվածին աղ ու հացով չեն դիմավորել… Եվ ահա ադրբեջանական քարոզչանյութի բեմագիրների խելքին փչել է գերու դեմքի կապտուկները վերագրել հայերին և հորինել զինծառայողի գերի հանձնվելու դրդապատճառը… Գերու վախվորած աչքերը ու դեմքի սարսափած արտահայտությունը վկայում են, որ նրան ակնհայտ բռնությունների ենթարկելով են ստիպել կրկնելու ադրբեջանական քարոզչական հին, բայց այդպես էլ լուրջ չընդունվող առասպելը…

Հայ զինվորի իրական կերպարը մարմնավորում են իրադրությունը վստահաբար վերահսկող և հակառակորդի դիվերսանտներին վճռականորեն պատժող, իր հայրենիքն աննկուն պաշտպանող տասնյակ հազարավոր նվիրյալները: Այդ վեհ կերպարի վրա չի կարող բիծ թողնել ադրբեջանական կեղծարարության և ոչ մի հնարք…Իսկ ադրբեջանցի հրամանատարներին խորհուրդ կտանք լվացքի մեքենայից նոր հանած սպիտակ շորը աշխարհով մեկ ցուցադրելու փոխարեն՝ զբաղվել խրամատներում փտող սեփական զորքի մաքրության ու ոջլոտությունից ազատելու հարցերով….

Հետևեք մեզ նաև Telegram-ում