Սեյրան Օհանյանը Կասպրշիկին տեղեկացրել է, որ Ադրբեջանը կիրառել է 120 մմ տրամաչափի ականանետեր

Սեյրան Օհանյանը Կասպրշիկին տեղեկացրել է, որ Ադրբեջանը կիրառել է 120 մմ տրամաչափի ականանետեր

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրշիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Դեսպան Կասպրշիկը հավաստիացրել է, որ իր լիազորություններից բխող առավելագույն ջանքեր կգործադրի իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում