Օդերևութաբանական կանխատեսումները ջրառատ տարի են խոստանում

Օդերևութաբանական կանխատեսումները ջրառատ տարի են խոստանում

Ընթացիկ տարվա եղանակային կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարի 1.5 անգամ ավելի ջրառատ կարող է լինել, քան նախորդն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը: 

Նրա խոսքով` այս տարվա կլիմայական պայմանները մի քանի անգամ ավելի բարենպաստ են, քան անցած տարվանը` թե տեղումների, թե ձնածածկույթի տեսանկյունից: Անցյալ տարի գրանցվել է խիստ սակավաձյուն ձմեռ ու չոր գարուն, որով պայմանավորված էլ առաջացել է ջրի խնդիր ու ջրամբարների 30-40 տոկոս լցվածություն:

«Հանրապետությունում մարտի 27-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է  2000 մետրից ավելի բարձրություններում, ընդ որում` կուտակված ձյան շերտի բարձրությունը նորմայի նկատմամբ կազմում է 60-90 տոկոս, առանձին բարձր լեռնային շրջաններում այն նորմայից բարձր է 1.2-1.4 անգամ:  Իսկ գետերի մեծ մասում գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքի մեծությունները սպասվում են նորմայի 60-90 սահմաններում»,-ասաց Լևոն Ազիզյանը:

Նրա տեղեկացմամբ` ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և  հորդառատ անձրևների դեպքում հնարավոր է, որ մի շարք գետերի ավազաններում վարարումներ կդիտվեն:Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա գետերի միջոցով ջրի մուտքը այնտեղ կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսի սահմաններում:

«Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, գոլոշիացման նորմատիվային մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակը 120 միլիոն խորանարդ մետր, իսկ ոռոգման նպատակով բաց թողնվող քանակը 170 միլիոն խորանարդ մետր, ապրիլ-հունիսին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 35-40 սանտիմետրով, դեկտեմբերի 31-ի դրությամբ` 3-8 սանտիմետրով»,-ներկայացրեց Լևոն Ազիզյանը:

Նրա տեղեկացմամբ` Հայաստանի չորս խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը հունիսի դրությամբ կանխատեսվում է նորմային մոտ:

«Հաշվի առնելով, որ ջրամբարներից ջրառը իրականացվում է հունիսի երկրորդ տասնօրյակից, առավելագույն լցվածություն կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում` 85-90 տոկոս, Արփի ջրամբարում`100 տոկոս, Ազատի ջրամբար` 80-90 տոկոս, Ապարանի ջրամբարի համար 60-70 տոկոս լցվածություն»,-նշեց պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում