«Պետություն ստեղծելով ամեն ինչ չի ավարտվում. պետք է կարողանանք կարգավորել տանտիրոջ խնդիրը». Այս օրը ծնվել է Աշոտ Նավասարդյանը (տեսանյութ)

«Պետություն ստեղծելով ամեն ինչ չի ավարտվում. պետք է կարողանանք կարգավորել տանտիրոջ խնդիրը». Այս օրը ծնվել է Աշոտ Նավասարդյանը (տեսանյութ)

Այսօր ՀՀԿ հիմնադիր, պետական, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 65 տարեկան:  Յուրաքանչյուրի` որպես հայի, ՀՀ քաղաքացու, պետական, քաղաքական գործչի կամ մտավորականի լավագույն բնութագիրը  նրա արտահայտած միտքն է ու գործը: Ըստ այդմ՝ Աշոտ Նավասարդյանի տեսակի մասին ճիշտ է  խոսել իր իսկ  մտքերով.

                                               ****

Անկախությունն ինքնանպատակ չէ, այլ գենոֆոնդը պահպանելու լավագույն միջոց: Պետություն ստեղծելով ամեն ինչ չի ավարտվում, պետք է կարողանանք կարգավորել տանտիրոջ խնդիրը:

                                                ****

1991 –ին ՀՀ նախագահի ընտրությունից հետո էական փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ՝ տարածաշրջանում: Այդ ընթացքում միայն հաջողություններ չէ, որ արձանագրել ենք, շատ են եղել թերությունները, չլուծված խնդիրները, որոնց մի մասը կարելի է համարել թելադրված օբյեկտիվ պայմաններից: Այո, կան թերություններ և դրանց վրա աչք փակելու որևէ նպատակ չկա, ճիշտ հակառակը` պետք է մատնացույց անել թերությունը, պահանջել դրա վերացումը` միաժամանակ ցույց տալով նաև դրա վերացման ճանապարհը:

                                                    ****

Ժողովրդավարությունը հասարակական հարաբերությունների կարգավորման ոչ առաջին և ոչ էլ, իհարկե, վերջին սկզբունքն է: Եղել են այլ սկզբունքներ և, անշուշտ, կլինեն ուրիշներն ապագայում: Այսօր, սակայն, մեր համոզմամբ, ժողովրդավարությունն է, որ առկա պայմաններում լավագույն հնարավորություններն է ընձեռում մեզանում ազգային խնդիրների իրագործման համար: Միաժամանակ, հարկ է շեշտել, որ ժողովրդավարությունը մեր ընկալմամբ, լոկ միջոց է որևէ էության իրականացման համար: Այս պատճառով՝ մենք սկզբունքորեն դեմ ենք ժողովրդավարներ (դեմոկրատներ) և ազգային ուժեր տերմինների օգտագործմանը՝ որպես համեմատելի միավորների: Կան երկրներ, որտեղ ժողովրդավարությունը, ձևից բացի, դարձել է էություն, նպատակ, բայց կան միաժամանակ և զարգացած երկրներ, ուր ժողովրդավարությունը դարձել է արդյունավետ, նպատակահարմար ձև՝ էականի` ազգայինի կիրառման համար: Երկու օրինակը բավական է ասվածը հաստատելու համար. Ճապոնիա և Իսրայել: Խորապես ազգային և խորապես ժողովրդավարական երկրներ միաժամանակ: Ահա, թե ինչպիսի ժողովրդավարությանն է կողմ Հայաստանում մեր կուսակցությունը:

Կենսագրությունը`

Տասնութ տարեկանից միացել է ազգային-ազատագրական պայքարին՝ 1968-ից անդամագրվելով ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ), իսկ 1973-ից՝ դարձել ԱՄԿ խորհրդի անդամ։ Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը՝ իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ և հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։ Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում և ճամբարներում։ 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը եւ 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։ 1989-ին հիմնադրել եւ ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության համար մղված մարտերին‘ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն: Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։

1990-ին ընտրվելով ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին։ Եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։1995-ից Ազգային Ժողովի պատգամավոր էր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։1996 թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին եւ ստացել ռազմավարի որակավորում։ Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին։

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

         

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում