Սահմանամերձ բնակիչներին անհրաժեշտ են ապաստարաններ, բուժակների բազա, տագնապային ազդանշաններ

Սահմանամերձ բնակիչներին անհրաժեշտ են ապաստարաններ, բուժակների բազա, տագնապային ազդանշաններ

«Քաղաքացիական հասարակության ինտիտուտ» կազմակերպությունը սահմանամերձ շրջանների քաղաքացիական անձանց անվտանգության մակարդակը բարձրացնելու լուծումներ է առաջարկում: Տավուշի սահմանամերձ 10 համայնքներում մեկամյա մոնիտորինգի, անհատական ու խմբային մակարդակով հետազոտությունների ընթացքում դուրս են բերվել այդ շրջաններում ապրող քաղաքացիական անձանց անվտանգության հետ կապված խնդիրները:

«Քաղաքացիական հասարակության ինտիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի խոսքով` մարդկանց անվտանգության տեսանկյունից կարևոր հարցերից մեկը առաջին բժշկական օգնության ապահովման հարցն է:

«Առաջին բժշկական օգնություն ցուցաբերողների հմտության հարցով մենք ունենք բաց: Այո, ամեն գյուղում կա մեկ բուժակ, որը խիստ անբավարար է: Պետք է դասընթացներ անցկացվեն, որ գյուղի տարբեր հատվածներում լինեն մարդիկ, ովքեր ունեն առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններ ու դա անելու համար համապատասխան նյութեր իրենց ձեռքի տակ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արման Դանիելյանը:

Հաջորդ կարևոր հարցը ապասարանների ու դրանցում առաջին անհրաժեշտության իրերով ապահովվածությունն է:

«Կարծես այս վերջին շրջանում արդեն մտածում ենք այդ ուղղությամբ: Կան թաքստոցներ, դպրոցներն ունեն նկուղ, բայց դա քիչ է, այն պետք է ապահովված լինի ջրով, սննդով, կապի միջոցներով, որ մարդիկ այնտեղ մտնելուց հետո իմանան, թե երբ դուրս կգան, տեղեկացված լինեն իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է պաշտպանիչ միջոցների կիրառմանը, ապա մասնագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ համակարգված չեն: Կառուցվում են պատեր, ծառեր ենք տնկ ում թշնամու նշանառության տակ գտնվող հատվածներում, բայց թե որքանով են այդ պատնեշները դիմացկուն այս կամ այն ռմբակոծությունների ժամանակ, հաշվարկված չեն լինում»,-նշեց բանախոսը` կարևորելով շրջանցիկ ճանապարհների կառուցումը, հանրային ու բնակելի շենքերի վտանգավորության աստիճանի հաշվարկումը:

«Մարդիկ պետք է իմանան, թե գյուղի որ հատվածներում է անվտանգ: Նրանք, իհարկե, ենթադրաբար գիտեն, բայց դա պետք է լինի իրազեկման մակարդակով ու հստակ: Յուրաքանչյուր տուն պետք է կրակմարիչներ ու հակահրդեհային այլ միջոցներ, մարդիկ իմանան դրանցից օգտվելու ձև երը»,-շեշտեց Արման Դանիելյանը:

Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում տագնապի ազդանշաններ հնչեցնելուն, ՀԿ նախագահը անհրաժեշտ համարեց բնակիչներին շարունակական ուսուցումը քաղպաշտպանության թեմաներով:

«Մարդիկ պետք է իմանան, որ մի ազդանշանի դեպքում դաշտ չպետք է գնալ, մյուսի դեպքում` տանից չպետք է ընդհանրապես դուրս գալ և այլն»,-նշեց Արման Դանիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում