ՄԱԿ-ը Եմենի մայրաքաղաքից դուրս է բերել իր աշխատակիցներին

ՄԱԿ-ը Եմենի մայրաքաղաքից դուրս է բերել իր աշխատակիցներին

Միավորված ազգերի կազմակերպությունը Եմենի մայրաքաղաք Սանա քաղաքից դուրս է բերել այնտեղ աշխատող իր անձնակազմին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այս մասին հաղորդել է միջարաբական «Սքայ նյուզ Արաբիա» հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի` որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի օգնական Ֆարհան Հակը նշել էր, որ պատրաստվում են Սանայում պահպանել «նշանակալի թվով» աշխատակիցներ` չնայած երկրում տիրող ծանր դրությանն ու որոշակի պետությունների կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների դուրս բերմանը:

«Եթե մենք հասկանանք, որ խիստ անհրաժշետություն է առաջացել նրանց ժամանակավորապես տեղափոխել այլ վայր, մենք այդպես էլ կանենք, բայց այս պահին մենք դա չենք արել»,-նշել է նա:

Շաբաթ օրն ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հանձնարարել է երեք ինքնաթիռ ուղարկել Եմենի մայրաքաղաք ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այնտեղից տարհանելու նպատակով, սակայն շիա ապստամբները թույլ չեն տվել միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին` 140 մարդու, լքել քաղաքը:

Մի շարք երկրներ, այդ թվում` Գերմանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ճապոնիան, արդեն հայտարարել են Սանայում, որը շիա ապստամբների ձեռքին է, իրենց դեսպանությունների աշխատանքների դադարեցման մասին: Իր հերթին` Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան տեղափոխել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները երկրի հարավ` Ադեն քաղաք, որը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում