Գյումրիում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում

Գյումրիում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում

«Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից՝ փաստելով, որ մոտ 2 ժամ տևած վիրահատության ընթացքում հեռացրել են տուժածի փայծաղը: Վիրահատությունն անցել է բարեհաջող: Վերջինս կորցրել էր մոտ 1 լիտր արյուն: Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Վերականգնման համար տուժածը պետք է 2 օր մնա կենտրոնում՝ հետվիրահատական պարտադիր հսկողության համար, բայց, հիվանդի հարազատների ցանկության դեպքում, կարող է նաև տեղափոխվել Երևան:

1954 թվականին ծնված Երևանի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կտրող-ծակող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17:15-ի սահմաններում: Վերջինս ուներ ներքին արյունահոսություն որովայնի խոռոչում: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ հանրահավաք էր հրավիրել «Հիմնադիր խորհրդարանը»: Սակայն, որոշ ժամանակ անց, Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ անդամների ուղղությամբ: Այս ընթացքում էլ ականտեսների վկայությամբ տեղի էր ունեցել դանակահարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում