International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանն ընտրվեց ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ (լուսանկարներ)

International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանն ընտրվեց ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ (լուսանկարներ)

Մարտի 25-ին Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի և ատենապետի ընտրությունը։

Հանդիպումն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Հանդիպման ժամանակ ընտրվեցին առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամները։ Նորընտիր ծխական խորհրդի կազմից ատենապետ ընտրվեց International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանը, իսկ ատենադպիր՝ ՎՊ մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը։

 

Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամներն են.

Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյան,

International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյան (ատենապետ),

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյան,

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյան,

ՀՀ Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյան (ատենադպիր),

Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյան,

Տիկնանց միության ատենապետուհի Սոնա Մարգարյան,

Ճարտարապետ–շինարար Էդուարդ Մանգասարյան,

Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյան,

Իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Մխիթարյան,

Իրավաբան Արթուր Խաչատրյան:

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, շնորհավորելով խորհրդի անդամներին, նրանց ներկայացրեց ծխական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, հանգամանալից անդրադարձ կատարեց ծխական խորհրդի անդամների դերին և գործունեության նշանակությանը հոգևոր համայնքի կյանքում:

 

Ծխական խորհրդի նորընտիր ատենապետ Արման Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Սրբազան հորը և խորհրդի անդամներին՝ ատենապետի պատասխանատու կոչումը շնորհելու և բարձր վստահություն ցուցաբերելու համար։ Արման Վարդանյանը նշեց, որ ծխական խորհրդի նորընտիր անդամները նույնպես գիտակցում են այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնում են: Նորընտիր ատենապետի խոսքերով՝ յուրաքանչյուր հայ մարդ պետք է ներդնի իր ողջ ներուժն ու հնարավորությունները հոգևոր և ազգային արժեքների պահպանման ու ներկայացման կարևորագույն գործում:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամներն իրենց հերթին նույնպես շնորհակալություն հայտնեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին և Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանին և պատրաստակամություն հայտնեցին ակտիվ մասնակցություն ունենալ ծխական խորհրդի աշխատանքներում:

Հանդիպման ավարտին Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց ծխականներին՝ մաղթելով բեղմնավոր, ազգանվեր ու եկեղեցանպաստ գործունեություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում