Հայաստանը Չինաստանին հետաքրքիր է գիտակրթական իր ներուժով. արևելագետ

Հայաստանը Չինաստանին հետաքրքիր է գիտակրթական իր ներուժով. արևելագետ

«Եթե ուզում ես արագ գնալ, պետք է մենակ գնալ, եթե հեռու՝ միասին»,-արևելագետ Նաիրա Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ ՀՀ նախագահի Չինաստան այցով հայ-չինական հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի վրա դրվեցին՝ համարելով այն ՀՀ արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերում: 

Որպես ասվածի ապացույց արևելագետն այստեղ հիշեցրեց, որ այցի ընթացքում մի քանի տասնյակ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել. «Այդ փաստաթղթերից  կառանձնացնեի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին հուշագիրը, ՀՀ ԿԲ և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին համաձայնագիրը, ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, ՉԺՀ կողմից արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերը»:

Շարունակելով  միտքը, Նաիրա Մկրտչյանն ընդգծեց ՀՀ-ն և ՉԺՀ-ն բարեկամական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հռչակագրի ընդունման փաստն ու դրա կարևորությունը. «Նախ՝  հայկական կողմը վերահաստատեց, որ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը: Չինական կողմն էլ իր հերթին հանդես եկավ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն: Բացի այդ, կողմերը «չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին շատ կարևոր է նաև հռչակագրի այն կետը, ըստ որի կողմերը մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին՝ շեշտելով դրանց ժխտման անընդունելիությունը»:

Այս համատեքստում արևելագետը կարևոր համարեց  փաստաթղթով Չինաստանի իշխանությունների  խրախուսումն ու աջակցությունն իր ձեռներեցներին Հայաստանում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում: Նաիրա Մկրտչյանը հատուկ ընդգծեց այն կետը, ըստ որի կողմերը «համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով»: 

«Սա չինական նախաձեռնություն է, որի մասին հայտարարեց ՉԺՀ նախագահը 2013-ին: Այս ճանապարհը կմիավորի Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիան Եվրոպայի հետ: Սա ճանապարհների փունջ է: Հայաստանը դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի կարևոր տարանցման կետ, 21-րդ դարում կարող է վերականգնել իր այդ դերը: Եթե նոր Մետաքսի ճանապարհի հարավկովկասյան  հատվածն անցնի  Հայաստանի տարածքով, ապա  երկրի զարգացման լուրջ հեռանկարներ կբացվի և կմեծանա  ՀՀ-ի դերը տարածաշրջանում»,-պարզաբանեց Նաիրա Մկրտչյանը: Ի դեպ, արևելագետն ասաց, որ այս ամբողջ  գործընթացը  համահունչ է ԵՏՄ-ին Հայաստանի  անդամակցմանը: Վերջինն այս ֆոնին հավելեց, որ Ադրբեջանը   Չինաստանին  հետաքրքիր է  իր  էներգակիրներով, Վրաստանը՝  տարանցիկությամբ, Հայաստանը՝  գիտակրթական իր ներուժով:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում