Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը պատրաստվել է անվճար

Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը պատրաստվել է անվճար

Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պատրաստման համար ինստիտուտի աշխատակիցները հրաժարվել են հավելյալ գումար ստանալուց: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ոչ մի դրամ չի ծախսվել թանգարանի ցուցադրության պատրաստման համար: Սա եղել է իմ գաղափարը, և իմ թիմը համամիտ է եղել, որ մենք չենք կարող ակնկալել խոշոր գումար: Այսօրվա շուկայական պայմաններում բավականին մեծ գումար կպահանջվեր, և մենք հրաժարվեցինք դրանից, քանի որ մենք չենք կարող մեծ գումար վաստակել մեր ժողովրդին պատուհասած ողբերգության վրա», – ասաց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը հավելեց, որ ներկա պահին ընթանում են թանգարանի դիզայնի վերջնական աշխատանքները: Շուրջ 2500 քառակուսի մետր նոր ցուցադրական տարածքի վրա իրականացված մեծածավալ աշխատանքը իր մեջ է ամփոփել վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութերը: Դրանց մի մասը ներկայացվելու է տպագիր պաստառի, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում