Գյումրիում ՀԽ անդամի դանակահարության բացահայտման հարցը լինելու է Փաշինյանի ուշադրության կենտրոնում

Գյումրիում ՀԽ անդամի դանակահարության բացահայտման հարցը լինելու է Փաշինյանի ուշադրության կենտրոնում

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ եւ ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության եւ անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում եւ կարեւորեցի տեղի ունեցածի ամբողջական եւ համոզիչ բացահայտումը, այդ թվում եւ իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը:

Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրեցին, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:

Հուսադրող չէ, սակայն, որ մինչեւ այս պահը միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեեւ բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է»,- գրել է պատգամավորը:

1954 թվականին ծնված Երևանի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կտրող-ծակող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոնից կենտրոն էր տեղափոխվել 17:15-ի սահմաններում: Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Թատերական հրապարակում, որտեղ հանրահավաք էր հրավիրել «Հիմնադիր խորհրդարանը»: Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ անդամների ուղղությամբ: Այս ընթացքում էլ ականատեսների վկայությամբ տեղի էր ունեցել դանակահարությունը: Միրզոյանը վիրհատվել է, հեռացվել է փա յծաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում