Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրության ծրագրերին, բայց չի միջամտել. Պատմաբանը «գաղտնազերծել» է գերմանական արխիվները

Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրության ծրագրերին, բայց չի միջամտել. Պատմաբանը «գաղտնազերծել» է գերմանական արխիվները

Վերջին տասնամյակում Գերմանիայում իրականացված հետազոտական աշխատանքները վկայում են, որ այդ երկրի արխիվներում Հայոց ցեղասպանությանը վերաբերող  բազմաթիվ վկայություններ, փաստեր կան, որոնք ապացուցում են, որ  Գերմանիայի այդ ժամանակվա կառավարությունը տեղյակ է եղել, թե ինչ է ծրագրել Օսմանյան կայսրությունը: ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է եռօրյա կոնֆերանսի և ներկայացրել «Գերմանական կայսրությունը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով զեկույց, որի նյութերը վերցված են եղել հենց գերմանական արխիվներից:

«Քննարկմանը մասնակից թուրք և գերմանացի պատմաբանները, քաղաքագետները որեւէ դիտարկում չհայտնեցին: Իրականում գերմանական արխիվները բավական հարուստ են: Դրանք փաստում են, որ Գերմանիան տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում Օսմանյան կայսրությունում, սակայն այդ ժամանակ նրա դիրքորոշումն այն էր, որ, անկախ հանգամանքից և կատարվածից, կարեւորը պատերազմում հաղթանակ տանելն էր: Կան վկայություններ, որոնցում նշվում է, թե Օսմանյան կայսրությունում սպասում էին, որ Գերմանիան, իմանալով իրականացվելիք ցեղասպանության մասին, կամ կխզի հարաբերությունները դաշինքի հետ, կամ կհակադարձի: Անգամ կան գերմանացի դեսպանի վկայությունները, որտեղ նշվում է, որ Էնվեր Փաշան թախանձագին խնդրում է Գերմանիային իրենց ձեռքը չբռնել»,– ասում է Հայրունին` պնդեց նա՝ շեշտելով, որ Գերմանիան, տեղյակ լինելով, որեւէ կերպ չմիջամտեց եւ չկանխեց հայերի ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է Գերմանիայում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին, Հայրունին ասաց, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսված են տարբեր միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում