Ռումինիայում մարտը հագեցած է եղել հայկական մշակութային միջացառումներով

Ռումինիայում մարտը հագեցած է եղել հայկական մշակութային միջացառումներով

Ռումինիայի Տիմիշոարա քաղաքում մարտը հագեցած է եղել հայկական մշակութային միջոցառումներով: Մարտի 19-ին Տիմիշոարայում` նահանգային խորհրդի մեծ դահլիճում, կայացել է ռումինական հանրահայտ «Incanto Quartetto» քառյակի և հայ անվանի դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի համատեղ ելույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լեփ-լեցուն դահլիճն ունկնդրել է դուդուկի մեկնաբանությամբ համաշխարհային, հայկական և ռումինական հայտնի ստեղծագուծություններ: Կատարումներին զուգահեռ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում ռումին հանդիսատեսին են ներկայացվել դրվագներ Հայոց բազմադարյա պատմության ու մշակույթի մասին:

Համերգի նախօրեին ռումինական քառյակն ու հայ դուդուկահարը համատեղ ձայնագրել են մի շարք ստեղծագործություններ: Այս առիթով հատուկ ռեպորտաժ է պատրաստել ռումինական «Digi 24» հեռուստաընկերությունը, որի եթերից դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը պատմել է ծիրանափողի ծագման, հնության ու յուրահատկությունների, հայի ճակատագրի հետ նմանությունների մասին, իսկ ռումինական քառյակի ջութակահար Օվիդիու Ռուսուն խոսել է հայկական մեղեդիների և ռումինական ու համաշխարհային երաժշտության հետ դուդուկի համադրման մասին:

Ավելի վաղ` մարտի 9-14-ը, Բանատ քաղաքում անցկացված «Cinecultura» ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը, որն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ արձագանքներին: Ֆիլմի միջոցով ռումին հանդիսատեսը ծանոթացել է Արցախյան գոյամարտին, այդ պայքարում հայ մարդու փորձություններին և ցավին, տոկունությանն ու հաղթանակներին: Ֆիլմն ընդունվել է մեծ հաջողությամբ:

Հայկական ֆիլմը փառատոնին ներկայացվել է Տիմիշոարայի Արևմտյան համալսարանի շրջանավարտ, փառատոնի կազմակերպչական խմբի անդամ Արմեն Ստեփանյանի նախաձեռնությամբ, Ռումինիայում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցաբար:

«Cinecultura» փառատոնը, ըստ էության, ամենամյա միջազգային կինոդիտման շաբաթ է, որի ժամանակ Տիմիշոարայի հանրությանն են ներկայացվում ազգային և միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր: Այս տարի հանդիսատեսի դատին էին հանձնված ֆիլմեր 11 երկրներից, այդ թվում նաև` Հայաստանից: Փառատոնի նախկին թողարկումներին ցուցադրվել են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» և Արտակ Իգիթյանի ու Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում