Ադրբեջանական մառազմ. հայ մի գերուն դատում են, մյուսին «նկարիչ դարձնում»

Ադրբեջանական մառազմ. հայ մի գերուն դատում են, մյուսին «նկարիչ դարձնում»

Ադրբեջանը շարունակում է իր ցինիկ և մառազմատիկ քարոզչությունը. մարտի 22-ին  հակառակորդի կողմն անցած ՊԲ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը պարզվում  է «նկարելու տաղանդ ունի»: Սա ադրբեջանական քարոզիչները «բացահայտել» են Գրիգորյանի՝ Ադրբեջանի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբուդովի ու  նրա տեղակալ Էլչին Շիրինովի  հետ  հանդիպման արդյունքում:

Haqqin.az-ը  հրապարակված հոդվածում պնդում է, թե հայ զինծառայողը «սանատորիա» է ընկել:

Anspress.com-ն էլ չի զլացել և մի ամբողջ ֆոտոշարք արել:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Գրիգորյանի՝ սահմանը հատելուց հետո ադրբեջանական կողմը   Ժնևյան կոնվենցիայի պահանջների հերթական խախտումն էր թույլ տվել. Anspress գործակալությունը նախ բեմականացում էր ներկայացնում, թե ինչպես է ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը հատում սահմանը, ապա՝ հարցազրույց, որտեղ հայ զինծառայողը պատմում է, թե ինչու է անցել հակառակորդի կողմը: Այստեղ նա խոսում էր  նաև մեկ այլ զինծառայողի` Մկրտումյանի մասին, ով ևս իբր  ցանկացել է  հատել սահմանը:

ԼՂՀ ՊՆ-ն արձագանքել էր ադրբեջանական կայքերի տարածած  տեսանյութին և պնդել, որ հակառակորդի կողմն անցնելու պահն ամբողջովին  բեմադրված էր:

Ի դեպ, տեսանյութում  նկատելի էր, որ Անդրանիկ Գրիգորյանը բռնության է ենթարկվել. կոկորդի  հատվածում կանաչավուն հետք կար:

Ավելին՝ «մարդասեր» և  «տաղանդներ հայտնաբերող» Ադրբեջանը միաժամանակ պատրաստվում է   մի շարք հոդվածներով դատել ադրբեջանական կողմում  գտնվող  հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանին: Մասնավորապես՝  առաջադրվել է «հանցագործ խմբավորման անդամ լինելու», «հանցավոր խմբավորման կողմից համաձայնեցված  կանխամտածված սպանության փորձի», «2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի», «ազգային, ռասայական, կրոնական ատելության հողի վրա սպանության  փորձի», «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակությունն ու տնտեսական անվտանգությունը թուլացնելու նպատակով պետական, հասարակական հաստատությունները, ճանապարհները, կապի միջոցները վերացնելու կամ վնասելու համար պայթյուններ, հրդեհներ և այլ գործողություններ կատարելու» մեղադրանքներ:

Նախնական դատական նիստը կկայանա ապրիլի 7-ին ժամը 10։00-ին։

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում