Միքայել Մելքումյանը հավատում է ԲՀԿ-ի ապագային

Միքայել Մելքումյանը հավատում է ԲՀԿ-ի ապագային

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ ինքը ԲՀԿ-ից դուրս կգա միայն այն դեպքում, երբ կուսակցությունը լուծարվի: Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը Մելքումյանը նշեց, որ թեև ԲՀԿ-ն լքել են մի խումբ պատգամավորներ, սակայն այն շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը և շարունակում է իր արդյունավետ գործունեությունը, ունի իր հստակ քաղաքական օրակարգը:

«Հայտնի իրադարձություններից հետո մեր խմբակցությունից դուրս են եկել մեծամասնական ընտրակարգով ընտրված 3 պատգամավոր, ևս 11 պատգամավոր դուրս են եկել կուսակցությունից, սակայն շարունակում են մնալ խմբակցության անդամ: Կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ-ն շարունակում է մնալ երկրորդ քաղաքական ուժը, իսկ մեր ելույթները, գործողությունները խոսում են այն մասին, որ մենք մնացել ենք ընդդիմադիր դիրքերում: Իհարկե, չենք կարող հաշվի չնստել, որ իրավիճակ է փոխվել, և մեր գործողությունները, քայլերը պետք է համ ահունչ լինեն ստեղծված իրավիճակին: Սակայն կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք պահպանել ենք մեր մոտեցումները: Ես անձամբ հավատարիմ եմ մնում ԲՀԿ-ի ծրագրերին, մոտեցումներին, հավատում եմ կուսակցության ապագային և ասեմ, որ կուսակցությունը պետք է առնվազն լուծարվի, որ ես այնտեղից դուրս գամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մելքումյանը:

Հարցին, թե այս պահին կուսակցությունում ի՞նչ դեր ունի Աբրահամ Մանուկյանը, ով նախկինում կենտրոնական դեմք էր, Միքայել Մելքումյանը պատասխանեց.

«Պետք է ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, բարեբախտաբար, այդպիսի բան չկա՝ կենտրոնական հարձակվող, աջ պաշտպան, ձախ կիսապաշտպան: ԲՀԿ-ն քաղաքական կուռ թիմ է: Մենք մեր հստակ քաղաքական օրակարգն ունենք: Իհարկե, տարբեր փուլերում տարբեր գործիչներ կարող են ունենալ ավելի ակտիվ կամ նվազ դերակատարում՝ կախված ֆունկցիոնալ նպատակահարմարությունից: Օրինակ, եթե մենք աշնանը զանգվածային միջոցառումներ էինք անում մարզերում և Երևանում, այդ դեպքում կազմակերպչական աշխատանքի նշանակությունը մղվում էր առաջին պլան, որովհետև դա ավելի կարևոր էր: Հիմա ես պետք է միանգամից ասեմ, որ Աբրահամ Մանուկյանի հետ որէ խնդիր չկա, մենք շարունակում ենք մնալ գործընկերային և աշխատանքային հարաբերությունների դաշտում: Ինքն իր գործունեությունը շարունակում է: Մենք անձնական խնդիրներ որևէ մեկի հետ չունենք: Իհարկե, գործը կազմակերպելու ընթացքում կարող են տարբեր մոտեցումներ լինել, որովհետև չեն կարող բոլորը նույն մոտեցումներն ունենալ: Սակայն ԲՀԿ-ում բոլորն էլ վաստակ ունեցող, ճանապարհ անցած մարդիկ են»:

Մելքումյանը նաև հավելեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր լքել են կուսակցությունը, պահպանում են գործընկերային հարաբերություններ ԲՀԿ-ականների հետ: Նա ընդգծեց, որ ինքը հարգում է ցանկացած գործչի որոշում, քանի որ դա նրանց խնդիրն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում