ՀԲ-ի վերանայված կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը կլինի մինչև 0.8 տոկոս

ՀԲ-ի վերանայված կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը կլինի մինչև 0.8 տոկոս

Համաշխարհային բանկի պաշտոնյան Հայաստանում տնտեսության աճի կանխատեսումներ է արել` նշելով, որ 2015 թվականին մոտ կլինի զրոյական մակարդակին, իսկ լուրջ ցնցումների պարագայում կդրսևորի բացասական աճի միտում: Լրագողների հետ հանդիպմանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նշեց, որ միջազգային շուկաներում ձևավորված գները շահավետ չեն Հայաստանի համար, սակայն ավելի զգալի համարեց տարածաշրջանային տնտեսության ազդեցությունը:

«Միջազգային շուկաներում ձևավորված գները, մասնավորապես պղնձի գինը անկայունություն է ցուցաբերում, ինչը կարող է շարունակվել: Սակայն կարծում ենք, որ ամենամեծ ազդեցությունը կունենա տարածաշրջանային տնտեսության և մասնավորապես Ռուսաստանի տնտեսության անկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բեյլին:

Նա հայտնեց, որ ՀԲ-ի վերանայված կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը կլինի մինչև 0.8 տոկոս:

«Սակայն այդ փոքր դրական աճը կարող է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան: Այդ ցնցումները կարող են լինել հիմնական առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի և եվրոպական երկրների տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, բայց դա կարող է կախված լինել նաև տարադրամի փոխարժեքի  կտրուկ փոփոխությունից»,- ասաց Լորա Բեյլին:

Չնայած դրան՝ Համաշխարհային բանկի ներկայացուցչը կանխատեսումներ չարեց դրամի և դոլարի փոխարժեքային տատանումների վերաբերյալ:

Հայաստանի կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը 2015 թ. գնահատել է 0,4-2 տոկոսի միջակայքում՝ պայմանավորված արտահանելի հատվածի աշխուժացմամբ, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում՝ մինչեւ 1.6 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում