Ասկերովն ու Գուլիևը գոհ են պայմաններից

Ասկերովն  ու Գուլիևը գոհ են պայմաններից

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահը հայտարարություն է տարածել Ադրբեջանի Հանրապետության դատապարտյալ քաղաքացիներին  պահելու պայմանների մասին, որում ասվում է.

«2015 թվականի մարտի 31-ին  ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ, մարդու իրավունքների և աշխարհի բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելել են ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության  մեկուսարանում պահվող  Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շախբազ  Գուլիեվին՝ դատապարտված  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու սպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործունեության համար: Այցելության նպատակը Ադրբեջանի Հանրապետության դատապարտված քաղաքացիներին պահելու պայմաններին ծանոթանալն էր:

Այցելության ժամանակ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավապաշտպաններին տրամադրվել էր հնարավորություն՝ ծանոթանալու Ադրբեջանի քաղաքացիներին պահելու պայմաններին.  Ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտար-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական  սպասարկումը, ինչպես նաև լրատվական նյութերի և գրականության տրամադրումը: Դատապարտյալներից յուրաքանչյուրի հետ առանձին մենք զրուցել ենք մոտ 3 ժամ, որի ընթացքում նրանք գոհունակություն հայտնեցին իրենց պայմանների մասին:

Ուսումնասիրման  արդյունքում կարելի է հավաստել, որ դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի և Շախբազ  Գուլիեվի պայմանները լրիվությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, և, որ ԼՂՀ  իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտալ որևէ նորմի խախտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում