«Առավոտ». Ժամանակակից Հայաստանում մարդիկ չեն ուզում գործ ունենալ ոստիկանության հետ

«Առավոտ». Ժամանակակից Հայաստանում մարդիկ չեն ուզում գործ ունենալ ոստիկանության հետ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Ժամանակակից Հայաստանում մարդիկ չեն ուզում գործ ունենալ ոստիկանության հետ շատ ակնհայտ պատճառով՝ ոստիկանների աշխատաոճը որևէ վստահություն չի ներշնչում: Երկու օրինակ: Մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկն իր բակում կրակոցներ էր լսել և որոշել էր «քաղաքացիական գիտակցություն» դրսևորել ու ահազանգել ոստիկանությանը, ինչի համար խիստ փոշմանել էր, որովհետև հետագա մեկ տարվա ընթացքում նրան պարբերաբար քարշ էին տալիս ոստիկանություն՝ ջանալով ապացուցել, որ ոչ մի կրակոց էլ չի եղել: Կրակողին, բնականաբար, «չհաջողվեց հայտնաբերել»: Մեկ այլ ծանոթ վատացել էր տանը և ընկել՝ թեթև հարված ստանալով, նրան տարել էին հիվանդանոց, բժիշկները պարտավոր էին հայտնել ոստիկանություն: Եվ ահա քննիչը երեք անգամ հարցաքննել էր «տուժողին» և նրա ընտանիքի անդամներին՝ աշխատելով նրանց ցուցմունքներում հակասություններ գտնել: Ի դեպ, նաև այդ պատճաոով է, որ մարդիկ հաճախ չեն ուզում պաշտոնապես բժիշկների դիմել’ իմանալով, որ որոշ դեպքերում ոստիկանության կողմից «գործ սարքելու» փորձեր են լինելու: Ես գիտեմ դեպքեր, երբ դանակահարվածները չեն գնացել հիվանդանոց՝ վստահ լինելով, որ ոստիկանությունը ոչ միայն «չի հայտնաբերի» դանակահարողին, եթե վերջինս համապատասխան «պապայի բալա» լինի, այլև գործը կարող է «շուո տալ» տուժածի վրա:

Գյումրիում հանրահավաքի ժամանակ 60-ամյա գիտնական Հրաչիկ Միրզոյանի գործը ես այդ համատեքստում եմ գնահատում. քաղաքական բաղադրիչն ինձ, ճիշտն ասած, առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ միայն չի խոչընդոտել խուլիգաններին, այլև հիմա «չի կարողանում գտնել» դանակահարողին՝ չնայած տուժողը նրան ճանաչել է, և ըստ վերջինիս՝ երիտասարդի անունը Ռուդիկ է՝ ատամնաբուժ Գևորգի որդին է: Բեն Լադենը չի՝ մի խոսքով, որ նրան պետք լիներ ամիսներով փնտրել: Այնքան ժամանակ, որքան «չեն գտնում», մարդիկ իրավունք կունենան մտածելու, որ ոստիկանությունն այստեղ «փայ ունի»»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում