«Հայկական ժամանակ». Աշակերտները պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

«Հայկական ժամանակ». Աշակերտները պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում անմար կրակի մոտ: Նախաձեռնությանը մասնակցելու են 23 դպրոցի շուրջ հազար 9-12-րդ դասարանցիներ և պատվո պահակության հերթապահությունն իրականացնելու են չորսական հոգանոց խմբերով: Յուրաքանչյուր օր այդ պատասխանատվությունը կստանձնի մեկ դպրոց: Այս մասին երեկ տեղեկացանք ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա հավելեց, որ աշակերտներն ընտրվել են դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության կողմից: «Խորհրդակցություն ենք արել, հանձնարարել ենք, որ դպրոցների ղեկավարները խորհրդակցեն իրենց աշակերտների և ծնողների հետ, որպեսզի նաև այն դպրոցները, որոնք կդժվարանան, չեն ցանկանա մասնակցել, փոխենք:

Բայց նման բան չեղավ, ոչ մեկը չհրաժարվեց: Ընդհակառակը բոլորը հպարտության զգացում ապրեցին»,- ասաց տիկին Հովհաննիսյանը: Իր հետ զրուցած աշակերտները նույնպես, ըստ նրա, հաճույքով են ընդունել նախաձեռնությունը: «Դա շատ պատվաբեր ու կարևոր էին համարում: Երեխաների հետ նորից իրականացվել են զրույցներ ինչպես պետք է կազմակերպվի այս գործընթացը, ինչպիսի լրջությամբ, ինչպիսի նվիրվածությամբ, և կարծում եմ, որ դա կարևոր նշանակություն կունենա երեխաների համար մեկ անգամ ևս հավատարիմ լինել «Հիշում և պահանջում եմ» կարգախոսին»,- նկատեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը: Դպրոցականները պատվո պահակ են կանգնելու առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 6-ը: Իսկ դա նշանակում է, որ հերթապահողներից մի մասի, եթե ոչ բոլորի դեպքում այդ հերթապահությունը լինելու է դասաժամերի հաշվին: Նարինե Հովհաննիսյանը դա համարում է դասապրոցեսի մի մասը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում