Դանդաղ շտապեք. ԵՏՄ-ին անդամակցման եռամսյակում տնտեսական փոփոխություններ չպետք է սպասել. Ռուս փորձագետներ

Դանդաղ շտապեք. ԵՏՄ-ին անդամակցման եռամսյակում տնտեսական փոփոխություններ չպետք է սպասել. Ռուս փորձագետներ

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է ընդամենը երեք ամիս, իսկ սա այն ժամկետը  չէ, որ ասենք՝ խնդիրները չեն լուծվում: «Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարները» թեմայով հրավիրված  հանդիպմանը  նկատեց ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը՝  հավելելով, թե խնդիրները տեխնիկական են՝ կապված ազգային օրենսդրության համապատասխանեցման հետ: Այլ կերպ՝ դրանք անցումային շրջանի  խնդիրներ են,  որոնց հետ ժամանակին բախվել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը և, որ դրանց կարգավորման համար առնվազն 6 ամիս է  անհրաժեշտ: Ասել կուզի՝  արդարացված չեն այն սպասումները, թե անդամակցության եռամսյա ժամկետում Հայաստանի տնտեսությունը կտրուկ փոփոխությունների պետք է ենթարկվի՝  արձանագրելով դրական միտումներ. «Եվս երեք ամիս  և արդեն կարելի կլինի շոշափել ապրանքաշրջանառության ծավալները: Պետք է դանդաղ շտապել»:

Հակադարձմանը, թե այդ ընթացքում Հայաստանի նման փոքր երկրի տնտեսությունը կարող է լրիվ փլուզվել, Միհրանյանը չհամաձայնեց՝ տնտեսությունը չի կործանվի, մակրոտնտեսական ցուցանիշները նման վատատեսական կանխատեսումների հիմքեր չեն տալիս. «Օրինակ` ռուսական ռուբլու արժեզրկումը 70 տոկոս էր, իսկ հայկական դրամինն ընդամենը 18 տոկոս: Նման կրիտիկական հարթությունում չի կարելի հարցը դնել, դա բացարձակ պոպուլիզմ է»:

Ինչ վերաբերում է հայ արտահանողների դժգոհություններին՝ կապված ապրանքատեսակների սպառման ծավալների,  ռուսական ռուբլու արժեզրկման և  ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության նվազման հետ, տնտեսագետն ասաց, որ իր հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը վստահեցրել է, որ հայաստանցի գործարարների բոլոր առաջարկները և դժգոհություններն ամբողջացվել են և ներկայացվելու են Եվրասիական կոմիտեին: Ավելին՝ առաջիկայում տեղի են ունենալու եվրասիական միության անդամ գործարարների եւ Եվրասիական կոմիտեի համատեղ քննարկումներ, որտեղ  այդ հարցերին լուծումներ կտրվեն:

Հանդիպմանը ներկա ՌԴ գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սվետլանա Գլինկինան  համաձայնեց Միհրանյանի տեսակետների հետ՝ տնտեսական ինտեգրացիան չի կարող անցնել առանց այդ խնդիրների, որոնց լուծման համար որոշակի ժամանակ է պետք.«Օբյեկտիվորեն առաջացած խնդիրները հնարավոր չէ մեկ րոպեում լուծել: Այսօր շատերը խոսում են ռուսական ռուբլու արժեզրկման և ԵՏՄ տարածքում դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին, բայց եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, միևնույնն է ռուբլու փոխարժեքի անկումն ազդելու էր տնտեսության և տնտեսական հարաբերությունների վրա: Ներկայում  այս հարցը դժվար է լուծել, որովհետև ամեն ինչ կախված է նավթի գներից»:

Տնտեսագետի կանխատեսմամբ, առաջիկա 3-5 տարիների կտրվածքով միջազգային շուկայում նավթի գների փոփոխություն չի լինի. մեկ բարելի արժեքը կտատանվի 60-70 դոլարի սահմաններում, քանի որ դա Իրանին թույլ է տալիս զսպել ԱՄՆ-ի շուկայի համար նախատեսված գազի գները: Ըստ Գլինկինայի՝ իրանական խնդրի լուծումը կարող է շուկայում դոլարի ավելցուկ առաջացնել, ինչը կհանգեցնի նավթի գների առավել նվազման.«Այսինքն՝ այն, ինչ հիմա կատարվում է, ՌԴ տնտեսության խնդրով չէ պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական  իրավիճակով, որի մեջ դեռ երկար ենք լինելու»: 

Անդրադառնալով միասնական արժույթի ստեղծմանը ԵՏՄ տարածքում, ռուս տնտեսագետը նշեց, որ այն  նախապատրաստական երկար ժամանակ է պահանջելու, ինչը եղավ ԵՄ-ի դեպքում, երբ եվրոգոտու ստեղծման հարց  կար:

Times.amի հակադարձմանը,  որ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձևով Ռուսաստանին  հանձնված հայաստանյան ձեռնարկությունները չեն աշխատում, որ չկան հստակ երաշխիքներ, թե ԵՏՄ-ի անդամակցման արդյունքում դրանք կգործարկվեն,  բանախոսներից ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը բերեց «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ»-ի օրինակը՝ պնդելով, որ խնդիրը ռուս-հայկական հարաբերությունների տիրույթում չէ, այլ գեոքաղաքական և գեոտնտեսական:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում