29 ավանակ՝ 29 ադրբեջանցու կյանքի փոխարեն

29 ավանակ՝  29 ադրբեջանցու կյանքի փոխարեն

Ադրբեջանում իշխանությունները սեփական կոռուպցիոն գործողությունների մասնակից են դարձրել անգամ ավանակներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման պնդմամբ հանդես է եկել «Ազադլըգ» թերթը՝ որպես ապացույց ներկայացնելով 2014 թվականին արտասահմանից այդ երկիր տարբեր տեսակի անասուններ ներկրելու մասին Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ այդ տվյալների`  2014 թվականին Ադրբեջանը արտասահմանյան երկրներից մեծ թվով խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, ձիեր, ուղտեր, անգամ աղավնիներ եւ թութակներ է ներկրել, որոնք երկիր հասցնելու համար ընդհանուր առմամբ մոտ 13,5 մլն դոլար է ծախսել:

Թերթն այդ առնչությամբ գրում է, որ ներկրվել են նաեւ 29 ավանակ, որոնց վրա պետությունը 132,4 հազար դոլար է ծախսել:Թերթը նշում է, որ եթե իշխանությունները ինչ- որ կերպ հետաքրքրված են իրենց հողատարածքներում ձիեր պահելով, ապա հայտնի չէ, թե ավանակներ գնելու իմաստը որն է:

«Միակ հստակ բանն այն է, որ բյուջեից 100 հազարավոր միջոցներ են ծախսվել ավանակներ ներկրելու համար: Երկրի քաղաքացին վերածվել է 150-200 մանաթի գերու, երկրին ճգնաժամ է սպառնում, հազարավոր երեխաներ եւ մեծահասակներ փող չունենալու պատճառով բուժում չեն կարողանում ստանալ, իսկ իշխանությունը ներդրում է կատարում ավանակներ ձեռք բերելու մեջ: Այդ 132 հազար դոլարը 29 գլուխ ավանակի վրա ծախսելու փոխարեն, կարելի էր 29 ադրբեջանցու կյանք փրկել», -նշում է թերթը:

Թերթը նկատել է տալիս, որ իշխանությունների ամեն քայլում մարդկային գործոնը վերջին տեղում է գտնվում:

«Վստահ ենք, որ եթե վաղն այդ ավանակներից մեկը հիվանդանա, բժշկելու համար նրան անգամ արտասահման կուղարկեն: Սակայն, իշխանությունների այդ «առատաձեռնությունն» անմիջապես սահմանափակվում է, երբ հերթը հասնում է մարդուն: Ինչ է, Ադրբեջանում ավանակներ չկա՞ն: Երկրում անասնաբուծությունը զարգացնելու փոխարեն, բյուջեն արտասահմանյան ավանակների վրա ծախսելը թալանչիություն է: Մի խոսքով, այդպես էլ անհասկանալի է, թե կառավարությունն ինչ նպատակով է գնել այդ ավանակները: Գուցե արտասահմանցի ավանակի զռոցի ձայնը լսելը իշխանությունների նոր հոբբիի՞ է վերածվել: Դրա արդյունքն այն է, որ բյուջեից փող է ջնջվել նաեւ ավանակների վրա: Այսինքն, իշխանավորներն իրենց կոռուպցիոն գործարքներին մասնակից են դարձրել նաեւ ավանակներին: Գիտենք, որ ավանակի վրա նստում են, բեռ են փոխադրում: Իսկ քանի որ մեր երկրի նմանը չկա, մեզ մոտ ավանակներն են նստում բյուջեի վրա», -ամփոփել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում