Իրանը վաղ թե ուշ միջուկային զենք է ստանալու. Արման Նավասարդյան

Իրանը վաղ թե ուշ միջուկային զենք է ստանալու. Արման Նավասարդյան

 Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող «վեցյակի» բանակցությունները նպատակ ունեն հասնել նրան, որ Իրանը համաձայնի ատոմային միջուկն օգտագործել միայն խաղաղ նպատակներով:Ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:

«Եթե սա իրականություն դառնա, այդ դեպքում կհանվեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ինչը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար, քանի որ երկիրը լուրջ տուժում է այդ պատժամիջոցներից: Եթե կողմերն այս հարցում հասնեն հաջողության, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Որքանով կհաջողվի սա, թե չի հաջողվի, ես դժվարանում եմ հիմա ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նավասարդյանը հիշեցրեց, որ դեռևս 2003թ. միջազգային հանրությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ բարձրացրեց միջուկային զենք ստեղծելու ծրագրից Իրանի հրաժարվելու հարցը: Նա նշեց, որ  առաջին հերթին Իրանի միջուկային ծրագրի  դեմ հանդես է գալիս Իսրայելը, որոշ արաբական երկրներ, ինչպես նաև եվրոպական երկրներ: «Եթե Իրանը ստանա միջուկային զենք, իսկ իմ կարծիքով դա վաղ թե ուշ լինելու է, դրանից հետո Սաուդյան Արաբիան նույնպես կփորձի տիրապետել այդ զենքին, Թուրքիան նույնպես կփորձի տիրապետել դրան, և կստացվի, որ միջուկային զենքի չտարածման ամբողջ մեխանիզմը կփլ ուզվի և կունենա շատ լուրջ հետևանքներ ոչ միայն տարածաշրջանի համար, այլև կարող է փոխել ամբողջ երկրագնդի աշխարհաքաղաքական ռազմավարությունը»,- ընդգծեց Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ եթե Իրանը, այնուամենայնիվ, չստանա միջուկային զենք, այդ դեպքում Արևմուտքը շարունակելու է պատժամիջոցների եղանակով ճնշումներ գործադրել այդ երկրի վրա, որպեսզի այն դառնա այնպիսի երկիր, ինչպիսին իրենք են ցանկանում:  Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Իրանն ԱՄՆ-ին պետք է մի քանի պատճառով.  առաջին, որպեսզի Եվրոպայի տարածքում գտնվող ռուսական էներգակիրները դուրս մղի, երկրորդ՝ Իրանը պետք է ԱՄՆ-ին Սիրիայի եւ Իրաքի հետ իր հարաբերություններում:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների որոշիչ փուլը շարունակվում է անցյալ շաբաթվա վերջից` միջնորդ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Բանակցություններն ընթանում են Շվեյցարիայի Լոզան քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում