Հայ դպրոցականները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցում են «Պատվո պահակ» հերթապահությանը

Հայ դպրոցականները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցում են «Պատվո պահակ» հերթապահությանը

Հայ դպրոցականները մինչև ապրիլի 24-ը որպես պատվո պահակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 1-ին  անմար կրակի մոտ մեկնարկեց աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը:  Իրադարձությանը մասնակցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը միջոցառումը բնորոշեց որպես աննախադեպ ակցիա:

«Հայաստանի դպրոցների աշակերտները պատվո պահակ են կանգնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ: ՀՀ կրթության և գիտության նախարարության այս նախաձեռնությունը հավանության է արժանացել ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից: Ապրիլի 1-23-ը յուրաքանչյուր օր տարբեր դպրոցների աշակերտներ ժամը 10-18-ը հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը: Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում, գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից: Ծնողների մեծամա սնությունը ողջունեց այս արարողակարգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ ակնհայտ է, որ «Պատվո պահակ» հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: «Մենք ներառել ենք ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների աշակերտներին: Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերի դպրոցներն էլ մասնակցեն: Այնքան մեծ էր աջակցությունը, որ մեզ խնդրում են, որ ակցիան դեռ չմեկնարկած դառնա ավանդական, և մենք ամեն տարի իրականացնենք այս միջոցառումը»,-նշեց Աշոտյանը:

Նախարարը խոստովանեց, որ ինքն էլ է եղել պատվո պահակ: «Խորհրդային Միության ժամանակաշրջանում այդ մշակույթը տարածված էր, այն ժամանակ 6-րդ կամ 7-րդ դասարանում էի, և մենք Անհայտ զինվորի գերեզմանի մոտ պատվո պահակություն էինք իրականացնում: Նման արարողակարգ կա նաև այլ երկրներում»,-հավելեց Աշոտյանը:

Թիվ 42 ավագ դպրոցի աշակերտ Իրինա Սահակյանը ևս ապրիլի 1-ին մասնակցեց «Պատվո պահակ» հերթապահությանը: «Շատ մեծ պատասխանատվություն էր: Սա մեր պարտքն էր, ամենաչնչին բանը, որ կարող էինք անել: Տարիներ առաջ հենց մեր հասակակիցներն են զոհվել և մեր մեծերը»,-խոստովանեց աշակերտուհին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում