Հաստատվել են ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 1-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագիրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հաստատել՝1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները՝ համաձայն 1-ին հավելվածի. 2) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-351 հրամանագիրը:
3. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում