Արտասահմանյան կրթօջախներում Հայոց ցեղասպանության իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանք է տարվում

Արտասահմանյան կրթօջախներում Հայոց ցեղասպանության իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանք է տարվում

Կրթության և գիտության նախարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում ակտիվ քարոզչություն է իրականացնում՝ աշխարհին և հատկապես արտասահմանցիներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու ուղղությամբ:

Ապրիլի 1-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նախարարությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել իրականացնել ինչպես ցեղասպանության տարելիցի պետական հանձնաժողովի հիմնական ծրագրերն իր ոլորտում, այնպես էլ այլ նախաձեռնություններ, որոնք պետական ծրագրերի մաս չեն:

«Պետական ծրագրերից հիշեցնեմ, որ այս ամսվա ընթացքում մենք դպրոցներում կունենանք անմոռուկների պատրաստման դաս, որին կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի դեմքեր: Մենք պատրաստվում ենք մեր աշակերտների ձեռքով 1,5 միլիոն անմոռուկ ստեղծել և բաժանել դրանք ապրիլի 24-ին: Ուզում ենք նաև հատկապես ավագ դպրոցների աշակերտների հետ խոսել Համահայկական հռչակագրի մասին: Այդ բաց դասը նույնպես կլինի ապրիլին: Մեր դպրոցներն ակտիվ մասնակցում են «Պատմիր քո պատմությունը» նախաձեռնությանը, և մեր աշակերտները շարադրության միջոցով պատմում ե ն իրենց ընտանիքի կամ ծանոթների՝ ցեղասպանության հետ կապված պատմությունները: Մեր միջոցառումները չեն սահմանափակվում դպրոցներով: Բուհական կոնֆերանսներ, երիտասարդական միջոցառումներ կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ իրենք շատ կարևոր են համարում արտերկրում իրականացվող աշխատանքը՝ ոչ միայն սփյուռքահայ գաղթօջախներում, այլև հենց արտասահմանցիների շրջանում:

«Ես մի անգամ ակնարկել եմ, որ մի շարք եվրոպական և ամերիկյան երկրներում սեպտեմբերի 1-ից Հայոց ցեղասպանության մասին դասընթաց կամ բաց դասեր կլինեն: Չեխիայում, օրինակ, բաց դասի կուրս մշակվեց: Որոշ տեղերում Հայոց ցեղասպանության հիշատակումը կներառվի պատմության դասագրքերում, որոշ երկրներում էլ՝ հավելյալ ժամ կլինի՝ հատկացված այս ողբերգությանը»,-հավելեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում