Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող կուսակցության շտաբի վրա

Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող կուսակցության շտաբի վրա

Ստամբուլի Քարթալ արվարձանում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) շտաբի գրասենյակի վրա:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, զինված երկու անձ ներխուժել են AKP-ի շտաբ, բոլոր աշխատակիցներին ստիպել դուրս գալ շենքից, հետո բարձրացել 7 հարկանի շենքի վերջին հարկ, ջարդել լուսամուտներից մեկը եւ կախել են թրի պատկերով թուրքական դրոշ:

Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել հանցագործներին: Վերջիններիս նման գործողություն կատարելու պատճառը չի նշվում: Թուրքական ձախ արմատական խմբավորումը երեկ դատախազության 6-րդ հարկի իր առանձնասենյակում պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին:

«Հուրիեթ» թերթը հայտնել էր, որ զինված մարդիկ պահանջում են ձերբակալել անչափահասի զոհվելու մեջ մեղավոր ոստիկաններին: Միջադեպին միջամտել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, ինչի արդյունքում գլխից վիրավորված դատախազը հիվանդանոցում մահացել է: Ստամբուլի ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ տվյալ գործի հետաքննության շրջանակում արդեն 22 մարդ են ձերբակալվել:

Բերքին Էլվանը Գեզի այգում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գազի նռնակի պայթյունից հայտնվել էր կոմայի մեջ եւ հիվանդանոցում մահացել ամիսներ անց: Երեխայի մայրը պատմել էր, որ նա տնից դուրս էր եկել խանութից հաց գնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում