Ա. Նավասարդյանը կարևորում է հայ-չինական հարաբերությունների խորացումը և ողջունում Էրբիլում ՀՀ հյուպատոսարան բացելու որոշումը

Ա. Նավասարդյանը կարևորում է հայ-չինական հարաբերությունների խորացումը և ողջունում Էրբիլում ՀՀ  հյուպատոսարան բացելու որոշումը

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը կարևորում է հայ-չինական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2050թ. Չինաստանը, ըստ հաշվարկների, դառնալու է աշխարհի համար առաջին պետությունը:Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն Արման Նավասարդյանը կարևորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել են մի շարք միջպետական համաձայնագրեր: «Շատ ուրախալի է, որ այցի ընթացքում խոսք է եղել Մետաքսի ճանապարհի մասին: Ես այս պահին չեմ կարող ասել, թե որքանով է հնարավոր դրա վերականգնումը, սակայն եթե դա կայանա, Հայաստանի համար հոյակապ նշանակություն կունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նավասարդյանը:

Նա նաև ընդգծեց, որ Մետաքսի ճանապարհի վերաբացման հարցում դժվարություններ կլինեն, քանի որ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես են դրանից միաժամանակ օգտվելու Հայաստանը և Ադրբեջանը, նաև Թուրքիան ցանկություն կունենա օգտվել այդ ճանապարհից:

«Ես կասեի, որ սա մեր դժբախտությունն ու բախտավորությունն է: Մեզ համար դժբախտություն է, որ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ, սակայն բախտավորություն է, որ գտնվում ենք այդ Մետաքսի ճանապարհի խաչմերուկում»,- ասաց բանախոսը:

Նավասարդյանի խոսքով՝ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ ունենալ սերտ համագործակցություն, քանի որ  ցանկանում է որոշակի դերակատարում ստանձնել Հարավային Կովկասում: Սակայն, միևնույն ժամանակ, նա նկատում է, որ համագործակցությունն ընդլայնելու հարցում պետք է շահագրգռված լինեն երկու կողմերը, քանի որ համագործակցությունը երբեք չի կարող միակողմանի լինել:

Հանդիպմանը  Նավասարդյանը ողջունել է Իրաքի Քրդստանում Հայաստանի հյուպատոսարան բացելու գաղափարը. «Տնտեսական հեռանկարներ կան, Քրդստանն արտակարգ ծաղկման մեջ է: Ներդրումներ են ստանում ԱՄՆ-ից, Թուրքիայից, աշխույժ առևտուր են անում: Շատ կարեւոր է, որ Հայաստանը կարողանա մասնակցություն ունենալ դրան: Չնայած դա լինում է հյուպատոսություն, որն ավելի շատ զբաղվում է վիզաների խնդրով, բայց զբաղվում է նաև ինֆորմացիոն վերլուծական աշխատանքով: Շատ կարեւոր է լինել իրադարձությունների էպիկենտրոնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նավասարդյանը:

Անդրադառնալով հարցին, թե վտանգավոր չէ՞ արդյոք Իրաքի Քրդստանում հյուպատոսարան բացելը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, Նավասարդյանն ընդգծեց, որ որոշ առումով վտանգավոր է ,սակայն այդ քայլին պետք է գնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում