Լեհաստանը կարևորում է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը

Լեհաստանը կարևորում է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը

 Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Թոմաշ Յեունդժեյիչակի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի հետ զբոսաշրջության զարգացումը մեծ հետարքրքություն է ներկայացնում Լեհաստանի համար, քանզի Հայաստանի պատմամշակութային վայրերը, քրիստոնեական հարուստ ժառանգությունը, գեղեցիկ ավանդույթները, յուրահատուկ խոհանոցը գրավիչ են լեհ զբոսաշրջիկների համար: Փոխնախարարը կարևորել է նաև Հայաստանից Լեհաստան զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին հանդիպման համար` դեսպան Ղազարյանը նշել է, որ զբոսաշրջության զարգացումը հանդիսանում է Հայաստանի կառավարության կողմից հռչակված գերակայություններից մեկը, ինչի արդյունքում վերջին տարիներին զգալի ներդրումներ են իրականացվել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, որի արդյունքում տարեցտարի ավելանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այդ թվում նաև Լեհաստանից:

Դեսպանն ընդգծել է, որ Վարշավայի և Երևանի միջև օդային ուղիղ հաղորդակցության առկայությունը չափազանց կարևոր նշան ակություն ունի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացման համար:Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահի (մարշալի) տեղակալ Էլիժբետա Ռադիշևսկայի հետ: Սեյմի նախագահի տեղակալը ողջունել է դեսպանին և նրան հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել Լեհաստանում:

Տիկին Ռադիշևսկան գոհունակությամբ է նշել Լեհաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակի առկայության մասին՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս դրանք կշարունակեն դինամիկ կերպով զարգացում ապրել: Նա միաժամանակ հայտնել է, որ հայ-լեհական հարաբերություններում չափազանց մեծ դերակատարում ունեն Լեհաստանում ապրող հայերը, որոնք հարյուրամյակների ընթացքում իրենց դրսևորել են իբրև Լեհաստանի իսկական քաղաքացիներ՝ դրական դեր ունենալով երկրի պատմության մեջ: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:

Քննարկվել է հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-լեհական քաղաքական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները դրական են գնահատել հայ-լեհական խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանականների միջև համագործակցությունը, փոխադարձ շփումներն ու փոխայցելությունները պետք է կրեն կայուն և շարունակական բնույթ: Կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները` դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի խորհրդարանին` համամարդկային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ նման քաղաքական վերաբերմունք ցուցաբերելու կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին և հեռանկարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում