Վիեննայում համանախագահներն առաջնահերթ քննարկել են հրադադարի ռեժիմի պահպանման հարցը. քաղաքագետ

Վիեննայում համանախագահներն առաջնահերթ քննարկել են հրադադարի ռեժիմի պահպանման հարցը. քաղաքագետ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձելու են տարբերակներ գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ժամանակ հրադադարի ռեժիմը չխախտվի:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Իսկանդարյանը շեշտում է, որ այս առնչությամբ կողմերը մի քանի անգամ քննարկումներ անցկացրել են, սակայն, ինչպես երեւում է սահմանին տիրող իրավիճակից, վերջնական համաձայնության այդպես էլ չեն եկել:

«Ես, իհարկե, չեմ բացառում, որ սահմանային լարվածությունը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով, սակայն պետք է փաստենք, որ նախորդ տարի նույնպես սահմանին իրավիճակը լարված էր: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար հանդիպում են, քննարկում, ապա դա զարմանալի չէ, քանի որ դա նրանց աշխատանքն է, նրանք են հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդները: Կարծում եմ, համանախագահները Վիեննայում կրկին քննարկել են հարցը, որ կողմերը հրադադարի ռեժիմը չխախտեն գոնե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողության եւ Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ»,- ասաց Իսկանդարյանը:

Ապրիլի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում քննարկումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ դրական քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տեղի ունեցող դեպքերի և հետագա քայլերի մասին»,- գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախահագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում