Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։ 

2015 թվականի մարտի 28-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններում, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ  կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երևանի բնակիչ Հ.Միրզոյանին։ Նախնական ախտորոշմամբ՝ քաղաքացուն պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։ 

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։ Հ.Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։

Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին և նշել, որ  հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։ Պարզվել է, որ լուսանկարում պատկերված անձը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ Կ.Խաչատրյանը։ 

Կ.Խաչատրյանը 2015 թվականի ապրիլի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, և նույն օրը քննիչի կողմից ձերբակալվել՝ Հ.Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

 Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում