Ադրբեջանցի սամբիստը Հայաստանի հիմնը չհարգելու համար կզրկվի մեդալից

Ադրբեջանցի սամբիստը Հայաստանի հիմնը չհարգելու համար կզրկվի մեդալից

 Մոսկվայում Անատոլի Խարլամպիեւի հիշատակին նվիրված սամբոյի աշխարհի Գավաթի պարգեւատրման արարողության ժամանակ 90 կգ քաշայինների առաջնության հաղթող Աշոտ Դանիելյանի պատվին Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ ցուցադրաբար կքանստած ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը կզրկվի բրոնզե մեդալից եւ հետագա մրցումներին մասնակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է սամբոյի Համառուսաստանյան եւ Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը:Նա դատապարտել է ադրբեջանցի մարզիկի անվայել պահվածքը: Նրա խոսքով` արարքը, որ թույլ է տվել Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Աբասովը, հակասում է սպորտային էթիկայի եւ քաղաքավարության նորմերին:

«Ես դատապարտում եմ այդ արարքը, եւ գտնում եմ անթույլատրելի մարզիկի համար: Առավել եւս, որ նա Ադրբեջանի հավաքականի անդամ է, եւ ներկայացնում էր իր երկիրն աշխարհի պաշտոնական գավաթում: Դա սպորտային վարք չէ: Այդպիսի մարզիկը արժանի չէ աշխարհի գավաթակիր լինել: Գտնում եմ, որ մարզիկը, որը մրցումների կանոնների եւ էթիկայի խախտման նման արարք է թույլ տալիս, պետք է դուրս հանվի մրցումներից եւ զրկվի մեդալից: Ապագա միջազգային մրցաշարերին ադրբեջանցի մարզիկի մասնակցության վերաբերյալ որոշումը կընդունի Սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի Կարգապահական հանձնաժողովը», -ասել է նա:

Այդ առնչությամբ report.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովին, հավելել է, որ ադրբեջանցի ըմբիշը նաեւ երկու տարով կորակազրկվի:

«Այս մասին ինձ հայտնել է Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը», -ասել է Ջ.Մամեդովը:

Թեեւ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Աբասովը իր այդ տհաս արարքից հետո մոտեցել էր հայկական պատվիրակության ղեկավարին եւ ներողություն խնդրել, սակայն, Բաքու վերադառնալուց հետո նա հայտարարել էր, որ գիտակցաբար է անհարգալից վերաբերմունք ցուցադրել Հայաստանի հիմնի նկատմամբ: Նա փորձել է ադրբեջանավարի` «հերոսանալ»:

Իրեն «հերոս» պատկերացրած Ադրբեջանի հավաքականի անդամի այդ արարքը ցուցադրել են Մոսկվայում մրցումները լուսաբանող եւ հեռարձակող բազմաթիվ ռուսաստանյան եւ միջազգային հեռուստաալիքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում