Կոչ են անում վերադարձնել դիվերսանտներին, բայց չեն դատապարտում այս տղայի հետ կատարվածը. Դավիթ Բաբայան

Կոչ են անում վերադարձնել դիվերսանտներին, բայց չեն դատապարտում այս տղայի հետ կատարվածը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է վիդեոհարցաքննություն, վիդեոտանջանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը շեշտում է, որ ադրբեջ անական կողմում Անդրանիկ Գրիգորյանը ենթարկվել է բռնությունների:

«Նրան ենթարկել են բռնությունների: Երեւում է, որ նա հոգեբանական եւ ֆիզիկական վատ վիճակում է: Սա հերթական անգամ փաստում է, որ մենք գործ ունենք աննորմալ, ֆաշիստական պետության հետ, որը խախտում է իրավական, բարոյական, քաղաքական, միջազգային նորմերն ու իրավուքնները: Մենք չպետք է դառնությամբ լցվենք այն խոսքերի հանդեպ, որ ասում է այդ խեղճուկրակ անձնավորությունը: Նա ստիպված է այդպես ասել, նրան տանջում են: Չի բացառվում, որ նրա դեմ քիմիական նյութեր են օգտագործում: Ակնհայտ է, որ նա տեքստը սուֆլյորի վրա է կարդում, նույնիսկ տեղեր կա, որ նրա խոսքը կտրտել են, շատ վատ մոնտաժ են արել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսակը նաեւ հավելում է, որ կատարվածի առնչությամբ միջազգային հանրությունը պետք է լուրջ հետեւություն անի:

«Մենք չենք տեսել այնպիսի հայտարարություն, որը դատապարտում է կատարվածը: Նրանք կոչ են անում վերադարձնել դիվերսանտներին, բայց ոչ ոք չի բարձրաձայնում, թե այս խեղճ տղայի հետ ինչպես են վարվում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ապրիլի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է հատել սահմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում