Սեյրան Օհանյանը այցելել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասեր (ֆոտո)

Սեյրան Օհանյանը այցելել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասեր (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցելություն է կատարել 2-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր: Նախարարին ուղեկցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

Ինչպես  տեղեկացրին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերյան Օհանյանը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով ու սոցիալ-կենցաղային պայմաններով:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքի, հրամանատարական կետերի պայմաններին, դիտարկել է զենիթահրթիռային կրակի և ռադիոլոկացիոն հետախուզման հնարավորությունները, ստուգել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայության կազմակերպման ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի առանձնակի ուշադրությանն են արժանացել զորամասերի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, կապիտալ նորոգման և նմանաբնույթ այլ շինությունների կառուցման ընթացքը:

Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում` Սեյրան Օհանյանը շրջայցի ավարտին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին ընթացիկ և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում