Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է

Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տրված պատարագին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթի ամբողջական թարգմանությունը:

Սիրելի հայ եղբայրներ եւ քույրեր,
Սիրելի եղբայրներ եւ քույրեր,

Մի քանի առիթներով ես խոսել եմ մեր ժամանակների մասին իբրեւ պատերազմի ժամանակներ, երրորդ համաշխարհային պատերազմը ընթանում է աստիճանաբար, մի պատերազմ, որի ընթացքում մենք ականատեսն ենք լինում դաժան հանցագործությունների, գազանաբարո ոճրագործությունների եւ իմաստազուրկ ավերածությունների: Ցավոք, այսօր եւս մենք լսում ենք խլացված եւ մոռացված ճիչը անպաշտպան մեր բազում եղբայրների եւ քույրերի, ովքեր իրենց քրիստոնեական հավատքի կամ էթնիկ պատկանելության պատճառով սառնասրտորեն սպանվեցին՝ գլխատվեցին, խաչվեցին, ողջակիզվեցին, կամ էլ ստիպված եղան լքելու իրենց հայրենիքը:
Այսօր եւս մենք ինչ-որ իմաստով ցեղասպանության միջով ենք անցնում, որի պատճառը ընդհանուր եւ հավաքական անտարբերությունն է, Կայենի հանցակից լռության պես, ով գոչում էր. «Ինչպե՞ս է դա ինձ վերաբերվում: Արդյո՞ք ես եմ իմ եղբոր պահապանը»:

Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական եւ աննախադեպ ողբերգություններ։ Առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է, որպես «XX դարի առաջին ցեղասպանություն» (Հովհաննես Պողոս պապ եւ Գարեգին Երկրորդ, Համատեղ հռչակագիր, Էջմիածին, 27 սեպտեմբերի, 2001թ), պատահել է հայ ազգի՝ առաջին քրիստոնյա ժողովրդի հետ, ինչպես նաեւ կաթոլիկ եւ ուղղափառ սիրիացիների, ասորիների, խալդիեացիներին եւ հույների հետ:

Սպանվել են եպիսկոպոսներ եւ քահանաներ, հավատացյալ կանայք եւ տղամարդիկ, ծերեր եւ նույնիսկ անպաշտպան երեխաներ եւ տկարներ: Մյուս երկու [ողբերգությունները] իրականացվել են նացիզմի եւ ստալինիզմի ձեռամբ: Ավելի նոր ժամանակներում այլ մասսայական սպանություններ նույնպես տեղի ունեցան, ինչպես օրինակ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն: Թվում է, թե այն ոգեւորությունը, որ առաջացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, այժմ արդեն հօդս է ցնդում: Թվում է, թե մարդկությունը այլեւս հրաժարվում է տեռորի օրենքով պատճառված սեփական սխալների վրա սովորելուց, քանի որ այսօր նույնպես կան այնպիսինները, ովքեր փորձում են վերացնել այլոց՝ քչերի ձեռքերով եւ պարզապես մի կողմ են քաշված մյուսների հանցակից լռությամբ: Մենք դեռեւս չենք հասկացել, որ «պատերազմը խելագարություն է», «մի անզգա արյունահեղություն»:

Սիրելի հայ քրիստոնյաներ, ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, եւ մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման եւ անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան վերապրել: Կարեւոր է, եւ հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունն է մարում, չարիքն այդ վերքերը նորոգում է: Թաքցնել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու:
Սիրով ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելու համար:
Երախտագիտությամբ իր ներկայության համար՝ ողջունում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին:

Իմ ջերմ ողջույններն եմ հղում նաեւ իմ եղբայր Պատրիարքներին եւ եպիսկոպոսներին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, Նորին Ամենափայլություն Ներսես Պետրոս XIX Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք, Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսարաններ եւ Հայ Կաթոլիկ Եկեղեցու պատրիարքարան:

Ամենակուռ հաստատակամությամբ, որ չարը երբեք չի սերվում Աստծուց, ով անսահման բարին է, եւ կանգնած ամուր հավատքով, եկեք աղոթենք, քանի որ դաժանությունը երբեք չի կարող համարվել Աստծո գործը եւ ավելին՝ չի կարող երբեք Նրա Անունով գտնել որեւէ արդարացում: Եկեք շարունակենք այս պատարագը մեր հայացքը հառելով Հիսուս Քրիստոսին, ով հարություն առավ մեռյալներից եւ հաղթանակեց մահվան եւ չարության նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում