Անկարան այլեւս վստահելի չի երեւում. անգլիական մամուլ

Անկարան այլեւս վստահելի չի երեւում. անգլիական մամուլ

Չորս տարի առաջ թվում էր, թե Մերձավոր Արեւելքում Թուրքիան անվտանգության հիմնաքար է հանդիսանում: Նա հանդես էր գալիս որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից` քաղաքական իսլամի վրա հենված` պրագմատիկ կառավարությամբ Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկիր: Նախկինում վարչապետ, այժ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ տարածաշրջանում Արեւմուտքի վստահելի անուն էր…Այժմ այս բոլորը երեւում են որպես վաղ անցյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է անգլիական տնտեսական շրջանակների The Financial Times թերթի միջազգային հարաբերությունների բաժնի խմբագիր Դեւիդ Գարդներն իր` «Անկարան այլեւս վստահելի չի երեւում» հոդվածում:

Գարդները նշում է, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այն ժամանակ իր գործունեությունն սկսել էր «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով, սակայն, այժմ Թուրքիան այլեւս որեւէ հարեւան չունի, որի հետ խնդիր չունենա:

«Թուրքիայի հարեւաններ Իսրայելը, Իրաքը, Եգիպտոսը, Սիրիան, Սաուդյան Արաբիան եւ Իրանը, որոնք նախկինում լավ հարաբերությունների մեջ էին այդ երկրի հետ, այժմ խիստ կասկածանքով են նայում Անկարային: Դրա պատաճռն այն է, որ Թուրքիան թույլ տվեց իր տարածքով Սիրիա մեկնել ջիհադականներին, որոնք այնտեղ միացան կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Թուրքիան վերածվեց Իրաքի եւ Սիրիայի ջիհադականների անցման կետի: Եթե Անկարան դա չցանկանար, Սիրիայում եւ Իրաքում դիմակայություն չէր լինի», -գրում է Գարդները եւ հավելում, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ իր մերձեցման քայլերով Անկարան կորցրել է նաեւ Արեւմուտքի վստահությունը:

Գարդները համոզմունք է հայտնում, որ Էրդողանը Թուրքիային հեռացրել է նաեւ ԵՄ անդամակցությունից: «Իր ավտորիտար դիրքորոշմամբ, ոչ ազատական ժողովրդավարությամբ, օրենքի գերակայության ստորադասմամբ, արտահայտվելու եւ հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումներով Էրդողանը Թուրքիային շատ է հեռացրել ԵՄ անդամակցության հնարավորությունից եւ կանգնել մեկուսանալու շեմին», -հավելել է հոդվածագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում