Ոստիկանությունն ամենաշահագրգիռն է քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունները բացահայտելու հարցում

Ոստիկանությունն ամենաշահագրգիռն է քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունները բացահայտելու հարցում

Ոստիկանությունը շահագրգռված է բացահայտել մի խումբ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռության դեպքերը: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը` անդրադառնալով Վիլեն Գաբրիելյանին, Գևորգ Սաֆարյանին և Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու դեպքերին: «Ցանկացած միջադեպ կամ դեպք քաղաքականացվում է, բայց, անկախ դրանից, ոստիկանության նպատակը դեպքերի բացահատումն ու կանխարգելումն է:

Հարուցված են քրեական գործեր, քննչական կոմիտեում են քննվում գործերը, բոլոր այս գործերի նախաքննությունն ընթացքի մեջ է: Բացահայտման իմաստով ոչինչ չունեմ ասելու, բայց օպերատիվ հետախուզական, հետաքննչական մարմինները սերտորեն համագործակցում են հետաքննչական ապարատի հետ: Ամեն ինչ առգրավված է քննության ընթացքում, այդ թվում` առկա տեսախցիկները, բայց բացահայտմանը նպաստողը ինչ-որ բան չի հայտնաբերվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ոստիկանության պաշտոնյան:

Նրա խոսքով` նմանատիպ հանցագործությունների բացահայտման հիմնական շահագրգիռ կողմը ոստիկանություն է, որպեսզի խուսափի մի շարք շահարկումներից: «Առանձնացված օպերատիվ խմբեր կան, որ համագործակցում են քննիչների հետ: Յուրաքանչյուր տասն օրը մեկ ոստիկանության ղեկավարների մասնակցությամբ քննարկումներ են լինում ու բոլոր գործերի մանրամասներին ղեկավարությունը տեղեկանում է»,-ավելացրեց Հունան Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում