Թուրք-ադրբեջանական արյունոտ դուետի գալիպոլյան ձեռնարկումը դատապարտված է ձախողման

Թուրք-ադրբեջանական արյունոտ դուետի գալիպոլյան ձեռնարկումը դատապարտված է ձախողման

Ընդամենը մեկ շաբաթ անց ապրիլի 24-ը իրողություն կդառնա: Հայաստանում կկայանան Մեծ եղեռնի հիշատակության արարողությունները, իսկ Թուրքիայում շուքով կնշեն Առաջին համաշխարհային պատերազմում Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունները:

Ընդամենը մեկ տարի առաջ, երբ Էրդողանը տակավին Թուրքիայի վարչապետն էր, համարձակություն ունեցավ և խոսեց Հայոց ցեղասպանության մասին` նշելով, որ դա մեր երկու ժողովուրդների ընդհանուր ցավն էր: Էրդողանի հայտարարությունը թուրքական ժխտողական քաղաքականության նոր դրսևորումն էր, որը, սակայն, Թուրքիայի համար հաղթաթուղթ էր` վկայակոչելու հայերի մերժման մասին:

Այո՛, Հայաստանն ու հայությունը չէին կարող ընդունել կեղծավորությունն ու սուտը, իսկ ի՞նչ էր Էրդողանի հայտարարությունը, եթե ոչ պարտադրված կեղծիք: Էրդողանը բացառիկ հնարավորություն ուներ ապացուցելու իր խոսքերի ճշմարտացիությունը, որը սակայն չօգտագործեց: Եթե իսկապես Էրդողանը Հայոց ցեղասպանությունը կամ կոտորածները, ինչպես որ ինքն էր որակել, մեր երկու ժողովուրդների ընդհանուր ցավն էր համարում, ապա պետք էր այդ ցավը մեղմելու և մեղքը թեթևացնելու համար ապրիլի քսանչորսը Թուրքիայում հայտարարեր «Ցավի և վշտակցության օր»:

Փոխարենը, այդ օրը Թուրքիայում տոն է հայտարարված: Այս մասին Էրդողանը բարձրաձայնեց հունվարին, երբ հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դժվար է գուշակել, այդ հանճարեղ գաղափարը նրան Ալի՞ևն է ներշնչել, թե՞ պարզապես հայատյաց եղբոր ներկայությունը Էրդողանին համարձակություն էր տվել` կատարելու հերթական հակահայկական քայլը: Կարծում եմ, թյուրքական աշխարհի ղեկավարները այնքան էլ լավ չեն հաշվարկել իրենց կատարած քայլի հնարավոր դրական և բացասական հետևանքները:

Թուրքիայում շունչը պահած սպասում են, թե երբ պետք է վերջանա իրենց համար մղձավանջային ապրիլ ամիսը: Էրդողանը կանխատեսում էր, որ այս օրերին առավել քան երբևէ համաշխարհային մամուլի և հանրության ուշադրությունը բևեռված է լինելու Հայոց ցեղասպանության թեմայի վրա: Վերջինս փորձեց Գալիպոլիի հաղթանակի տոնման հանդիսություններով աշխարհի, քաղաքական գործիչների և համաշխարհային մամուլի ուշադրությունը ինչ-որ չափով շեղել հայկական հարցից: Սակայն Էրդողանի` Գալիպոլիի հաղթանակը ապրիլի քսանչորսին նշելու որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարճամտություն:

Ընդ որում, Էրդողանը կարծում էր, թե, մեկ զարկով երկու նապաստակ խփեց. այդպես հնարավոր կլիներ և՛ թուրքական հասարակության ուշադրությունը շեղել օրեցօր ավելի շատ քննարկվող Հայոց ցեղասապնության թեմայից, և՛ միջազգային հանրությանը, սակայն ստացվեց հակառակը:

Թուրքական հասարակության առողջ բանականությամբ հատվածի մոտ արդեն իսկ հարց է առաջացել` ինչու է կառավարությունը ամեն տարի մարտի տասնութին նշվող արարողությունը տեղափոխել ապրիլի քսանչորս. եթե իսկապես իրենց նախնիները մեղսավոր չեն, ապա նման փոփոխության կարիք չէր առաջանա: Համաշխարհային մամուլի հրապարակումներում, որոնք նվիրված են Գալիպոլի հաղթանակի միջոցառումներին, ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը: Բացի այդ ներկայումս աշխարհի ամենահեղինակավոր պարբերականների առաջին էջերում Հայոց ցեղասպանության թեման է, որն անշուշտ, ստվերում է Էրդողանի ձեռնարկումները: Եթե որոնողական համակարգերում փնտրում ենք «The Armenian Genocide» արտահայտությունը, ապա ակնառու է, որ համաշխարհային մեդիագիգանտները, միմյանց հերթ չտալով, մի քանի ժամյա պարբերականությամբ, հրապարակումներ են կատարում, ինչը բնավ չի կարելի է ասել Գալիպոլիի մասին: Իսկ այն հրապարակումները (The Guardian, The Economist), որտեղ անդրադարձ է կատարվում Գալիպոլիի միջոցառումներին, հիմնական շեշտադրությունը դրվել է այն հանգամանքի վրա, որ այն հայկական կոտործաների թեմայից շեղվելու միջոց է:

Մրցակցության երկրորդ հարթակը միջազգային բարձրաստիճան հյուրերի ներկայությունն է: Այն հյուրերը, որոնք կներկայանան Թուրքիայում կպիտակավորվեն եղեռնագործ Թուրքիայի աջակիցներ պիտակով, իսկ ովքեր Հայաստան կայցելեն, բարոյական տեսանկյունից զերծ կմնան քննադատություններից: Բնական է, որ քաղաքականությունը շատ հաճախ բարոյական չափման չի ենթարկվում, և տնտեսական ու այլ շահերով պայմանավորված, շատ երկրներ ստիպված կլինեն պատվիրակություններ ուղարկել Թուրքիա: Հարկ է փաստել, որ այդ քաղաքական գործիչները իրենք գործունեության ընթացքում և ամբողջ կյանքում կկրեն «Ցեղասպանի աջակից» խարանը:

Գալիպոլիի հաղթանակը Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակի օրը նշելը Էրդողան-Ալիև արյունոտ դուետի ձախողված ձեռնարկումն է, որը համաշխարահային մամուլի և թուրքական հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ և նոր թափով կենտրոնացրեց Թուրքիայի եղեռնագործ անցյալի վրա: Այն քաղաքական գործիչները, որոնք կմասնակցեն այդ միջոցառումներին և երկրները, որոնք առաջին դեմքերով կներկայանան, քննադատության առարկա կդառնան ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության համար: Նրանք այդ կերպ կապացուցեն, որ մեկ դար առաջ մեղավոր են եղել հայերի ցեղասպանության կազմակերպման մեջ և գնում են տոնելու իրենց մեկդարյա անպատժելիությունը: Գալիպոլիում մեղքի շքերթ է նախատեսված, իսկ նրա մասնակիցները ոճրագործ-մեղսագործներ են:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում